Վրացական տուրիստական հոսքերի ներգրավումը ևս մեր հնարավոր գործիքներից է
19.05.2016

Բացի անհրաժեշտ ենթակառուցվածքներից և այլ ֆիզիկական պայմաններից, անհրաժեշտ է գրագետ և գեղեցիկ ներկայացնել երկիրը:
Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ զբոսաշրջությունը Հայաստանում հայտարարվել է տնտեսության առաջնահերթ ոլորտներից մեկը: Հայաստանն, անխոս, հարուստ բնություն և պատմամշակութային ժառանգություն ունի, և նույնիսկ հեռավոր լեռներում կարելի է հանդիպել հին և զարմանահրաշ կոթողներ, որոնց հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրությունը չափազանց մեծ կարող է լինել: Սակայն, զբոսաշրջությունը Հայաստանում էական զարգացում այդպես էլ չի ապրում: Իհարկե, հիմնական խնդիրը ծառայությունների բավարար մակարդակի բացակայությունն է: Բայց այնուամենայնիվ, որպես ոչ պակաս կարևոր և ինքնուրույն հանգամանք պետք է դիտարկել Հայաստանի ճանաչելիության ցածր մակարդակը: Սա թե՛ պետական իրավասու մարմինների (համապատասխան նախարարության և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների), թե՛ բիզնեսի այս ոլորտում ակտիվություն ունեցող սուբյեկտների խնդիրն է:
Անհրաժեշտ է նաև, բացի ավանդական տուրիզմից, ստեղծել և զարգացնել տուրիստական նոր և յուրատեսակ ուղղություններ, ինչը կնպաստի տուրիստական ծավալների մեծացմանը դեպի Հայաստան հատկապես եվրոպական ուղղությունից: Խոսքը վերաբերում է էկո, էթնո, քարանձավային, սպորտային, հեծանվային,գիտական, կրոնական, առողջարանային ուղղություններին: Բացառիկ հետաքրքրություն կարող է ներկայացնել մեր երկրում էքստրեմալ տուրիզմը, ինչի բազայի ստեղծման համար մենք նախադրյալներ ունենք: Ի դեպ, այս բոլոր սպեցիֆիկ տուրիստական ուղղություններում լիարժեք կարող է ներգրավվել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Եվս երկու կարևոր հանգամանք: Անթույլատրելի և կարճատես է չօգտվել ռուսական տուրիստական մեծ շուկայի վերադասավորումների գործընթացից՝ կապված թուրքիա-եգիպտոս և արևմտյան եվրոպա ուղղությունների սահմանափակման հետ: Խնդրի լուծմանը՝ ներգնա տուրիզմի ծավալները ՌԴ-ից մեծացնելու մասով, կարող է էականորեն նպաստել ՌԴ քաղաքացիներին առանց արտասահմանյան անձնագրերի մուտքի հնարավորություն ընձեռնելը: Այդպիսի մեխանիզմ կիրառում է Բելառուսը՝ ռուսաստանցիների նկատմամբ: Վրացական տուրիստական հոսքերի ներգրավումը ևս մեր հնարավոր գործիքներից է, ինչն արդեն մի քանի տարի է իրատեսական խնդիր է: Ցավոք մեր անգործության հետևանքով այս հոսքերը ևս մեզ այսօր շրջանցում են: Խնդրի լուծման եղանակ կարող է լինել համատեղ տուրիստական երթուղիների, փաթեթների մշակումը, ինչը կարող է դրանք գրավիչ դարձնել եվրոպացի, ինչու ոչ, նաև հետխորհրդային երկրների տուրիստների համար:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը