<<Վրաստանի ոստիկանական բարեփոխման գլխավոր արդյունքը <<գողականության>> մենթալիտետի վերացումն էր հասարակական գիտակցության մեջ>>
28.09.2012
-Հարգելի պարոն Մանուկյան, Դուք արդեն 2 տարի է պաշտոնավարում եք Հայաստանի դեսպանի պաշտոնում: Հասցրել եք ծանոթանալ Վրաստանի իրավական համակարգին և իրավապահ մարմինների գործունեությանը: Ինչպիսի՞ն է այսօր Վրաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքը: Ի՞նչ արդյունքներ են արձանագրված վերջին տարիներում այս բնագավառում:
Դատաիրավական բարեփոխումները Վրաստանում ըստ էության սկսվեցին 2005 թվականին, երբ իշխանության ղեկին էին արդեն նոր ուժերը: Նոր քաղաքական իշխանությունն առաջադրեց մի շարք խնդիրներ, որոնցից հիմնականը սակայն, կոռուպցիան արմատախիլ անելու գերնպատակն էր: Առաջադրված խնդիրների շրջանակներում իրականացվեցին բավականին համարձակ և հետաքրքիր քայլեր, սակայն դրանց մեծ մասին չեմ անդրադառնա, քանի որ Հայաստանում ևս այդ հիմնական ինստիտուտները բարեփոխվել են գրեթե նույն տրամաբանությամբ: Առանձին հարցերում նույնիսկ, մենք ավելի վաղ ենք հասել շոշափելի արդյունքների, մասնավորապես, դատական իրավաստեղծության կամ այսպես կոչված դատական նախադեպի ինստիտուտի կիրարկման տեսանկյունից:
Շատ հետաքրքրական է վրացական փորձը հատկապես կոռուպցիայի վերացման, դատավարական առանձին ինստիտուտների ներմուծման և ոստիկանական համակարգի վերակառուցման ոլորտներում:
-Ի՞նչ լուծումներ են գտնվել դատարաններում և իրավապահ մարմիններում հատկապես կոռուպցիոն երևույթները վերացնելու ուղղությամբ: Մասնավորապես, պարեկային ոստիկանության ստեղծմամբ կարծես Վրաստանին հաջողվեց արմատախիլ անել կաշառակերությունը ոստիկանական համակարգում:
Սկզբնական քայլերը եղել են շատ բարդ և ցավոտ: Նախ դատարանների մասին: 2005 թվականից սկսած առաջին երեք տարիների ընթացքում միայն 14 դատավորներ հեռացվել են և դատապարտվել կոռուպցիոոն հանցակազմերով: Շատ բնորոշ առանձնահատկություն էր դատական համակարգի երիտասարդացումը և նոր կադրերով համալրումը, սկսած գերագույն դատարանի նախագահից, որը 32 տարեկան հասակում է զբաղեցրել այդ պաշտոնը: Դատավորների միջին տարիքը 30-40 տարեկանն է: Դատական կորպուսը բարեփոխումների սկզբնական շրջանում թարմացվել է մոտ քառորդով: Սրա հիմնական նպատակը նախկին արատավոր պրակտիկայի վերացումն էր: Այս պայքարն իշխանությունները փորձեցին ամրապնդել դատավորների սոցիալական և նյութական երաշխիքներով: Գերագույն դատարանի դատավորների աշխատավարձը բարձրացվեց 400%-ով: Եթե 2005 թվականին առաջին ատյանի դատավորի նվազագույն աշխատավարձը 250 եվրոյի շրջանակներում էր, ապա ներկայումս 3000 լարիից (մոտ 1500 եվրո) ավելի է:
- Պարոն Մանուկյան, արդյո՞ք միայն կոռումպացված դատավորներին հեռացնելով և աշխատավարձերը բարձրացնելով հնարավոր է հասնել այդ արատավոր երևույթի վերացմանը: Կարծես թե մեզ մոտ և՞ս բարձրացան աշխատավարձերը, ինչ որ պատասխանատվության մեխանիզմներ են գործում…
Իհարկե, ոչ: Դրանք սոսկ անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են:
Կարևոր հայեցակարգային խնդիր է, թե արդյո՞ք հնարավոր է առանձին վերցրած դատական համակարգում վերացնել կաշառակերությունն ու հովանավորչությունը (ինչը կարող է ինքնին ազդել դրա հետ համագործակցող համակարգերի վրա), թե՞ դատաիրավական դաշտում գործող բոլոր համակարգերը պիտի զուգահեռ «մաքրվեն»: Վրացական փորձը հետաքրքրական է այնքանով, որ այս համակարգերը (դատարան, դատախազություն, ոստիկանություն) սկսեցին բարեփոխվել համահունչ: Հատկապես, շեշտադրումը ոստիկանական համակարգի վրա էր դրված: Բարեփոխումների բարդությունը կայանում էր նրանում, որ այդ ժամանակահատվածում հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառներում էական ազդեցություն ունեին «օրենքով գողերը», իսկ հասարակական մենթալիտետն այնպիսին էր, որ խրախուսում էր նման կյանքն ու «օրենքները»: Բնականաբար, այս համակարգին սերտաճած ոստիկանության բարեփոխումը ծանրագույն խնդիր էր:
Նախ, Վրաստանի նոր իշխանությունները 2004 թ. հունիսի 24-ին ընդունեցին մի օրենք, որը թույլ էր տալիս մեղադրանք առաջադրել նրանց, ովքեր իրենց համարում էին «օրենքով գող», անգամ եթե չկա հանցագործության դեպք: Բանն այն է, որ համաձայն չգրված «օրենքի», այս անձինք պարտադիր պետք է պատասխանեն իրեն ուղղված հարցին: Սա սկիզբն էր այդ «գողականության» մենթալիտետի արմատախիլ արման: Ըստ իս, Վրաստանի ոստիկանական բարեփոխման գլխավոր արդյունքը ոչ թե կոռուպցիայի վերացումն էր համակարգում, այլ «գողականության» մենթալիտետի վերացումը հասարակական գիտակցության մեջ:
Երկու տարվա ընթացքում ՆԳՆ-ից հեռացվեցին 75-85 հազար մարդ: Տեղի ունեցավ ՆԳՆ կադրերի նորացում 88 տոկոսով: Ներքին գործերի համակարգը հիմնովին թարմացավ և մաքրման ենթարկվեց: Էականորեն կրճատվեց ՆԳՆ կազմը. նախկին ոստիկանութան, ազգային անվտանգության նախարարության, սահմանապահ դեպարտամենտի և արտակարգ իրավիճակների նախարարության հիման վրա ստեղծված նոր նախարարություն, որն այսօր ունի շուրջ 22000 աշխատակից նախկին 80000-ի փոխարեն: Սոցիալական խնդիրների ավելացման տեսակետից թեև քայլը բավականին բարդ էր և համարձակ, սակայն բարեփոխումների արդյունքները ի չիք են դարձրել որևէ կասկած դրա նպատակահարմարության վերաբերյալ:
Բարեփոխման արդյունավետությունը նաև պայմանավորված էր նրանով, որ դրանք կատարվեցին արագ և հիմնավոր: Մասնավորապես, պետավտոտեսչության համակարգը լուծարվեց մեկ օրվա մեջ և երկու ամսվա ընթացքում ստեղծվեց պարեկային ոստիկանությունը` աշխատանքի նոր հիմունքներով: Աշխատավարձը ոստիկանությունում և ամբողջ պետական ապարատում բարեփոխումների տարիների ընթացքում բարձրացավ մի քանի անգամ: Թաղային տեսուչներն ստանում են ամսեկան 400-500 ԱՄՆ դոլարին, հսկիչները` 600-1000 դոլարին, բաժնի պետերը և դետեկտիվները (քրեական հետախուզության ոստիկանները)` մինչև 2000 դոլարին համարժեք վարձատրություն: Սրան գումարվում է բժշկական ապահովագրությունը, զոհվելու և վնասվածքներ ստանալու դեպքում ապահովագրությունը, կան պարգևատրումներ, որոնք կարող են լինել բավականին էական` կախված ծառայության տարիներից, կոնկրետ հանցագործությունների բացահայտումից և այլն:
Ուզում եմ ընթերցողի ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա. որ աշխատավարձերի բազմապատիկ բարձրացման համար լուրջ ֆինանսական աղբյուր էր ինքնին համակարգի կրճատումը: Այսինքն զուտ մեխանիկական կրճատման հետևանքով հնարավոր եղավ 3-4 անգամ բարձրացնել անձնակազմի աշխատավարձերը:
-Իսկ բացի կաշառակերության վերացումից, աշխատանքի այլ որակական փոփոխություններ տեղի ունեցե՞լ են:
Ազատվելով իրենց և վերադասի համար ձախ եկամուտներ հայթայթելու պարտականությունից, ոստիկանությունը կարծես դարձավ ավելի «բարի»: Հաճախ խախտումների դեպքում ոստիկանները սահմանափակվում են նախազգուշացումով, շփումը մարդկանց հետ դարձել է ավելի սիրալիր, հասարակության մոտ վստահության մակարդակը ոստիկանի նկատմամբ մեծացել է: Նկատելի է կրիմինոգեն իրավիճակի փոփոխությունը: Նվազել է հանցավորության մակարդակը, հատկապես կենցաղային հանցագործությունների մասով: Օրինակ, եթե Թբիլիսիում նախկինում ամսեկան 30-40 մեքենաների գողություն էր արձանագրվում, այսօր տարեկան 3-4 նման դեպք է արձանագրվում:
Քրեական ոստիկանությունը ազատվել է նախաքննական և հետաքննական գործառույթներից: Քրեական գործերի հարուցման և կարճման գործընթացը մաքսիմալ հեշտացվել է, քննիչներ չկան, կան մի քանի աստիճանի դետեկտիվներ: Ոտիկանությունն իրավունք չունի քննել տնտեսական և ֆինանսական բնույթի հանցագործություններ: Այդ գործառույթը տրված է հատուկ մարմնին` ֆինանսական ոստիկանությանը:
Նախարարության հիմնական աշխատանքի մասը, որն առնչվում է քաղաքացիների հետ փոխհարաբերություններին` վարորդական իավունքի տրամադրումը, մեքենաների գրանցումը դուրս են բերվել աութսորսինգի: Մեքենայի մաքսազերծումը, հաշվառման վերցնելը, փաստաթղթերի և համարի դուրս գրումը տևում է մոտ 20 րոպե: Անցյալում են մնացել «գոլդ» համարանիշները, «միգալկաներ» մնացել մի քանի հատուկ պետական մեքենաների վրա: Համարները տրվում են համակարգչի միջոցով: Կարելի է պատվիրել ցանկացած համար: Շնորհիվ այդ նոր համակարգի անիմաստ են դարձել լիազորագրերը մեքենայի և գույքի ձեռք բերման և շահագործման համար: Երկու հոգի առանց իրար տեսնելու, հեռակա կարող են իրագործել առք ու վաճառքի գործարքը` գտնվելով տարբեր քաղաքներում: Երբ լիազորագրի պահանջը վերացավ, շատերն անհանգստանում էին, որ դա կբերի մեքենաների հափշտակության աճին: Բայց ոստիկանության ակտիվ պայքարը թե´ կազմակերպված հանցավորության և թե´ մեքենաների առևանգման դեմ, տվեց իր դրական արդյունքը:
- Արդյո՞ք մեր հարևանների մոտ դատաիրավական համակարգում այդքան իդեալական վիճակ է: Չկա՞ն արդյոք հասարակությանը հուզող խնդիրներ այս ոլորտում: Չէ՞ որ մեր երկրում այս համակարգի գործունեությունը հասարակական դժգոհությունների հիմնական ոլորտներից է:
Չի կարող ամեն ինչ իդեալական լինել, այն էլ այն հասարակություններում, որոնք նոր են սկսել ձևավորել վարչական համակարգը և քաղաքացիական հասարակության գործիքները:
Չնայած վերը նկարագրված ձեռքբերումներին, հասարակական առանձին ինստիտուտներ և միջազգային որոշ կազմակերպություններ քննադատական մոտեցումներ են արտահայտում դատաիրավական համակարգի գործունեության նկատմամբ: Հիմնական դիտողությունները, որոնք այժմ ներկայացվում են Վրաստանի դատական համակարգին, վերաբերվում են դատարանի վրա արտաքին ազդեցության հնարավորությանը:
Եվրոմիության հարևանության քաղաքականության ամենամյա հաշվետվության համաձայն հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ դատախազն առաջվա պես պահպանում է իր ամուր դիրքը, իսկ դատարանը ոչ բավարար չափով է անկախ: Որպես հիմնավորում նշվում է 2011 թվականի մեղադրական դատավճիռների բարձր ցուցանիշը` 98 % (թեև 2010 թվականի համեմատությամբ մի փոքր ավելացել է արդարացման դատավճիռների ցուցանիշը): Նաև նշվում է, որ մեղադրական դատավճիռների և դաժան պատիժների ցուցանիշների բարձրացման հետևանքով բարձրացել է պրոցեսուալ գործարքների կիրառման (դատավորական համաձայնություն) ցուցանիշը` 87 % գործերով: USAID-ի կողմից ֆինանսավորվող հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի 2012թ. հունվարին հրապարակված հաշվետվության մեջ ասվում է, որ հասարակությունում շատերը համարում են, թե դատավորներն ընտրվում կամ նշանակվում են կախված իրենց հարաբերություններից կառավարության հետ և նրանից, թե որքանով են նրանք պատրաստ որոշումներ կայացնել ընդդեմ կառավարության շահերի: Հարցադրումներ են արվում նաև քրեական գործերի չբացահայտումների ծավալի շուրջ, ինչը բերում է երկարաժամկետ կալանքների: Միջազգային կազմակերպությունները խորհուրդ են տալիս շարունակել դատական համակարգի բարեփոխումները` դատարանի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես նաև ապահովել քրեական իրավունքի հետագա լիբերալիզացիայի քաղաքականությունը` օգտագործելով Եվրոխորհրդի փորձը և աշխատելով վերջինիս չափորոշիչների համաձայն:
Ի դեպ, Վրաստանի նախագահը քննադատներին հակադարձում է` ասելով, թե քաղաքացիների մեծամասնությունը դատարանի հետ գործ չի ունենում և դատարանի մասին կարծիքը մարդկանց մոտ հաճախ ձևավորվում է բամբասող հեռուստաալիքների կամ թերթերի ասեկոսեների հիման վրա:
-Ի միջիայլոց, պարոն դեսպան, վերջին օրերին ականատես եղանք զարհուրելի տեսարանների, որոնք նկարահանված էին Գլդանիի բանտում: Կար նաև տեղեկություն այդ դատապարտյալների շարքում հայազգի քաղաքացու առկայության մասին: Ի՞նչ է սա նշանակում: Ինչպե՞ս կարելի է այս իրողությունը համադրել այն հաջողությունների հետ, որոնք արձանագրել են վրացական բարեփոխումները:
Նախ, հայազգի դատապարտյալի մասին: Դեսպանությունն առաջին իսկ պահից սկսել է ճշտումներ անել և պարզաբանումներ պահանջել պաշտոնական խողովակներով, և հիմա սպասում ենք պատասխանի: Եթե պարզվի, որ անձը եղել է Հայաստանի քաղաքացի (ինչի հավանականությունը շատ աննշան է) մենք ամեն ինչ կանենք մեր քաղաքացու իրավունքների վերականգնման և շահերի պաշտպանության համար: Սակայն հորդորում եմ այստեղ չտեսնել որևէ ազգային կամ այլ խտրականության ենթատեքստ, քանի որ խնդիրը կապված է եղել ընդհանրապես ազատազրկման վայրերում օրինականության և հումանիզմի սկզբունքների ոտնահարման հետ: Վրաստանի քաղաքական ղեկավարությունը շատ կտրուկ և հստակ վերաբերմունք արտահայտեց իրավիճակի վերաբերյալ, հայտարարեց կատարվածը անթույլատրելի և ամոթալի իրողություն և վճռականություն հայտնեց կարճ ժամանակահատվածում շտկել իրավիճակը և պատժել պատասխանատուներին: Տասնյակ մարդիկ հայտնվել են մեղադրյալի կարգավիճակում, պենիտենցիար համակարգի բազմաթիվ պաշտոնյաներ պաշտոնազրկվել են, միայն 2 նախարարներ դեպքի առթիվ հրաժարական ներկայացրին: Վստահ եմ, որ Վրաստանի քաղաքական վերնախավի շահերից չի բխում նման իրավիճակը և այն շատ կարճ ժամանակահատվածում կշտկվի դեպի դրականը, հստակ գործողություններ կձեռնարկվեն ազատազրկման վայրերում օրինականության ամրապնդման ուղղությամբ:
- Իսկ ինչպի՞սի հետաքրքիր դատավարական կամ քրեա-իրավական լուծումներ են տրվել, որոնք կարող են նպաստել բուն դատական համակարգի գործունեության արդյունավետությանն ու անկողմնակալությանը: Չէ՞ որ առանց անկախ և արդյունավետ դատարանի շատ դժվար կլինի պահպանել ոստիկանության և այլ իրավապահ մարմինների արդյունավետությունը:
Ուշադրության արժանի նորամուծություններ կան արված քրեական դատավարության ոլորտում: Կարևորագույն հայեցակարգային մոտեցումներից կարող եմ նշել ապացուցման ծանրությունը դատաքննության փուլ տեղափոխելը: Դատարանում տրված ցուցմունքները գերակայում են նախաքննության ընթացքում ձեռք բերվածների նկատմամբ: Երկու արդյունք է ապահովվում միաժամանակ. նախ հնարավոր նախաքննական ճնշումների մոտիվացիան է վերանում, երկրորդ` էականորեն բարձրանում է դատաքննության դերը` որպես ապացույցների ձեռք բերման և հետազոտման հիմնական փուլ:
Էական նորամուծություն է քրեական ընթացակարգում դատավարական գործարքի (համաձայնության) ինստիտուտի ներմուծումը: Այս ինստիտուտը միանշանակ չի ընկալվում հասարակությունում, սակայն դրա ազդեցությունը մինչդատական քրեական վարույթի արդյունավետության վրա միանշանակ է:
- Ինչպիսի՞ն է անձամբ Ձեր ` որպես հայաստանի բարձրագույն դատական ատյանի նախկին ղեկավարի գնահատականը Վրաստանի դատական պրակտիկայի և դատարանների գործունեության արդյունավետության վերաբերյալ: Եթե Դուք լինեիք Վրաստանի բարձրագույն դատական մարմնի ղեկավարը, ապա ինչի՞ց այսօր կսկսեիք այդ ոլորտի բարեփոխումները:
Որպես օտար երկրի դեսպան կոռեկտ չեմ համարում գնահատական տալ դեսպանընկալ երկրի իշխանության ճյուղերից մեկի գործունեությանը: Ես ձեռնպահ կմնամ այս հարցին պատասխանելուց:
Սակայն կասեմ, որ Վրաստանին հաջողվել է մի շատ կարևոր բան. դատական, դատախազական և նախաքննական մարմինների գործունեության մեջ վերացել է կոռուպցիոն շարժառիթը` որպես գործողությունների և որոշումների կանխորոշիչ գործոն:
-Հայտնի է, որ հաստատված է ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ծրագիրը: Ի՞նչ հետաքրքիր լուծումներ եք տեսնում այդ փաստաթղթում: Ինչպե՞ս եք այն գնահատում:
Բավականին լուրջ և բազմաոլորտ փաստաթուղթ է: Ընդհանուր առմամբ համամիտ եմ ծրագրում արձանագրված մոտեցումներին: Ուղղակի կան հարցեր, որոնց վերաբերյալ ունեմ իմ առանձնահատուկ դիրքորոշումը:
Նախ, կարծում եմ դատաիրավական համակարգի խորքային բարեփոխման և որպես վերջնանպատակ արդյունավետ և անկողմնակալ դատական համակարգ ձևավորելու համար անհրաժեշտ է իրականացնել որոշակի բարեփոխումներ, որոնք հնարավոր կլինեն միայն սահմանադրական փոփոխությունների պարագայում: Վերցնենք թեկուզ Վճռաբեկ դատարանի` բարձրագույն դատական ատյանի ձևավորման կարգը: Այդ կարգը պետք է նախ համահունչ լինի ատյանի սահմանադրական իրավասության էությանը, և երկրորդ` պետք է լինի բալանսավորված` համարժեք սահմանադրական կարգավիճակ ունեցող ատյանների ձևավորման մեխանիզմների հետ համադրության մեջ: Խոսքս վերաբերվում է գործընթացին առաջնային մանդատով օժտված երկու սուբյեկտների պարտադիր մասնակցությանը:
Երկրորդ, ոչ պակաս կարևոր հարցադրում է Վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելության իմաստավորումը: Վճռաբեկ դատարանի սահմանադրական միակ առաքելությունն օրենքի միատեսակ կիրառության ապահովումն է: Ու թեև Սահմանադրությունը օրենքով հնարավորություն է տալիս սահմանել ՎԴ լիազորություններ, սակայն դրանք բացառապես պետք է բխեն նրա սահմանադրական կարգավիճակից և նրա սահմանադրական միակ առաքելության տրամաբանությունից:
Ուզում եմ անդրադառնալ նաև իրավաբանական համայնքի համախմբման և այդ մասնագիտական հանրությանը միասնական շունչ տալու խնդրին: Կարծում եմ ժամանակն է Հայաստանում անցում կատարել մեկ միասնական իրավաբանների միության ստեղծման գաղափարին, որը կդառնա եզակի և հզոր մասնագիտական միավորում: Այս միությունը կարող է դառնալ դիպլոմավորված մասնագետների համար բացառիկ խողովակ դեպի իրավաբանական պրակտիկա (դատախազական, փաստաբանական, քննչական գործունեություն) և հետագա դատական կարիերա: Արդյունքում ավելի կառուցողական փոխըմբռնման մթնոլորտ կարող է ձևավորվել դատարանների, փաստաբանների և դատախազների միջև, առավել արդյունավետ կդառնան մասնագիտական ուսուցման և վերապատրաստման համակարգերը, և որ ոչ պակաս կարևոր է` կձևավորվեն մասնագիտական էթիկայի և դրա վերահսկողության ընդհանուր չափանիշներ և կանոններ:
-Առավոտ օրաթերթը հաճախ է անդրադառնում Վրաստանում մեր քաղաքացիների նկատմամբ կայացվող դատական ակտերին: Այդ առումով տպավորությունն այնպիսին է, որ Վրաստանի քրեական օրենսգիրքը կոշտ է, մասնավորապես պատժաչափերի առումով: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը:
Կարծում եմ հատուկ կոշտությամբ Վրաստանի քրեական քաղաքականությունը չի առանձնանում: Այո, որոշակի բնույթի հանցագործությունների առումով կա հստակ ընդգծված քրեականացման քաղաքականություն` պատժի խստության առումով:
Ըստ Վրաստանի նոր օրենսդրության կոռուպցիայի դեմ պայքարում մանր և խոշոր իրավախախտումները հավասար են գնահատվում և այդ կարգի հանցագործություններ կատարողները ենթարկվում են երկարատև ազատազրկման: Արդյունքում վերջին մի քանի տարում ազատազրկվածների թիվը կրկնակի ավելացել է` 8000-ից հասնելով 20000-ի: Կամ պետական սահմանի ապօրինի հատման կամ չնախատեսված տեղերում անցման հետ կապված հանցակազմերով, որոնցով հաճախ մեր քաղաքացիները հայտնվում են անազատության մեջ: Սակայն սա քրեական քաղաքականության առանձին դրսևորումներ են, որոնք ելնում են տվյալ պահին երկրի առաջնահերթություններից:
-Որպես Հայաստանի դեսպան ինչպիսի՞ գործողություններ եք ձեռնարկել ի պաշտպանություն Վահագն Չախալյանի: Հայտնի է, որ այդ նպատակով Ձեզ բազմիցս դիմել են հասարակական կազմակերպությունները և Ջավախքի խնդիրներով մտահոգ գործիչներ:
Վրաստանի հայ համայնքի, այդ թվում նաև Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում բնակվող մեր հայրենակիցների խնդիրները միշտ մեր ուշադրության կենտրոնում են. կլինի´ դա մշակութային, կրթական, թե՛ որևէ այլ բնագավառ: Սակայն մենք չենք կարող և իրավասու չենք գործողություններ կամ քայլեր իրականացնել այն դեպքերում, երբ խնդիրը, հատկապես քրեաիրավական դաշտի խնդիրը, վերաբերվում է Վրաստանի կոնկրետ քաղաքացուն: Տվյալ դեպքում Ձեր հարցադրումը վերաբերվում է թեև ազգությամբ հայ, սակայն Վրաստանի քաղաքացի հանդիսացող անձի իրավունքներին:
Ես որպես դեսպան իրավասու եմ և պարտավոր եմ տեր կանգնել Հայաստանի քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ այդ գործը մենք անում ենք ամենայն պատասխանատվությամբ և ավելին անելով, քան մեր ունեցած ռեսուրսները տալիս են նման հնարավորություն: Պատկերացրեք, տարեկան մինչև մեկ միլիոն անգամ ՀՀ քաղաքացիները հատում են հայ-վրացական սահմանը և հայտնվում հարևան երկրում:
Ինչ դեպքերի և պատահարների ասես չենք հանդիպում. ավտոպատահարներ, փաստաթղթերի և գույքի կորուստ, հանցագործության արդյունքում տուժածներ, ճանապարհային անանցանելիության և եղանակային պայմաններից ելնելով ստեղծված բարդություններից տուժածներ: Վերջերս նույնիսկ ստիպված էինք կազմակերպել ՀՀ քաղաքացի լեռնագնացին փրկելու գործողությունների համակարգումը:
Սակայն անկախ որևէ դժվարությունից, մեր կողմից բոլոր դեպքերում ձեռնարկվում և այսուհետ ևս ձեռնարկվելու են հնարավոր բոլոր միջոցները Հայաստանի քաղաքացիներին անհրաժեշտ աջակցության ցուցաբերելու և իրավունքները պաշտպանելու համար:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը