«Սամասուդը լավ բանի չի բերում». Մանուկյանը խոստովանեց, որ համակարգում կա կոռուպցիա
16.04.2015
Համաներման վերաբերյալ դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չկա, այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Հարցին, թե ինքը դրա անհրաժեշտությունը տեսնո՞ւմ է, նախարարը կարճ պատասխանեց. «Նման քաղաքական հարցադրման հեղինակը պետք է լինի երկրի նախագահը»: Լրագրողներից մեկի հարցին, թե համաներումը որքանով կթեթևացնի կալանավայրերում գերծանրաբեռնվածության խնդիրը և ճիշտ է արդյոք ամեն տարի համաներում իրականացնել գերծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար, երբ որ բազմաթիվ փաստաբաններ բարձրաձայնում են, որ դրա փոխարեն կարելի է արդարացման դատավճիռներ իրականացնել, նախարարը պատասխանեց. «Որքանով կթեթևացնի գերծանրաբեռնվածությունը՝ դա կախված է նրանից, թե համաներումն ինչ ծավալ կունենա, այսինքն՝ ինչ կոնտինգենտի վրա կտարածվի այդ համաներումը: Այս պահին հնարավոր չէ դրա մասին խոսել, քանի որ հնարավոր էլ չէ ասել՝ կլինի այդ համաներումը, թե ոչ»,- նշեց նախարարը:
Խոսելով նաև անհիմն դատապարտումների թվի մասին՝ Մանուկյանը նշեց, որ իրենց համակարգը, ինչպես և աշխարհում բոլոր համակարգերը, զերծ չէ դատական սխալներից, և բերելով հարևան Վրաստանի օրինակը, որի բնակչությունը Հայաստանի բնակչությունից մի փոքր ավելի է, Հովհաննես Մանուկյանն ասաց, որ մինչև 2012 թվականը Հայաստանի և Վրաստանի դատապարտյալների հարաբերակցությունը մոտավորապես մեկը հինգի էր, եթե մեզ մոտ 2012-2013 թվականներին մոտավորապես 5000 թիվ էր, Վրաստանում 23-24 հազար էր:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ ՄԻՊ-ն իր վերջին զեկույցում թերություններ է մատնանշել արդարադատության ոլորտի վերաբերյալ, նախարարն ասաց, որ ՄԻՊ-ի զեկույցն իրենց մոտ բավականին մանրակրկիտ կերպով քննարկել են ու որոշ հարցադրումների հետ համաձայն են, սակայն մի շարք հարցադրումներ էլ կան, որոնք, նախարարի խոսքերով, ընդհանրական բնույթ են կրում, և դրա վերաբերյալ իրենք պատրաստվում են նաև ԱԺ-ում համապատասխան լսումների ժամանակ բարձրաձայնել: «ՄԻՊ-ի զեկույցներն ու ՄԻՊ-ի արձագանքները ևս ես կարևոր եմ համարում՝ որպես մեր համակարգում եղած պրոբլեմների բացահայտման կարևոր աղբյուր»,- ասաց նախարարը:
ԳԱԼԱ-ի լրագրողի հարցին, թե արդյոք ՀՀ-ի նկատմամբ ՄԻԵԴ-ի վճիռներից հետո չպիտի լինեն պատասխանատվության ենթարկվողներ, նախարարը տվեց դրական պատասխան:
«Բայց միանշանակ ուզում եմ հայտարարել, որ դատավորների համար դա ֆինանսական հետևանքներ չպետք է ունենա, որովհետև դա սխալ լուծում է: Սխալն այս դեպքերում ոչ միայն դատավորներին է վերաբերվում, որովհետև անձի նկատմամբ խախտումներ կարող են թույլ տալ պետության այլ պաշտոնյաներ, այլ ներկայացուցիչներ: Եվ այդ ներկայացուցիչների, հատկապես դատավորների նկատմամբ ֆինանսական հետապնդումներ որևէ տեղ չկան, սա վայրենի, վայրագ լուծում է: Ես կտրականապես դեմ եմ դրան, որքան էլ դա խոցելի լինի հանրային ընկալման տեսակետից կամ մամուլի տեսակետից»,- նշեց Հովհաննես Մանուկյանը:
Դիտարկմանը, թե այդ դեպքում ով պետք է պատասխան տա, Մանուկյանը նշեց, թե դա հետևանք է իրավական համակարգի անկատարության, դա հետևանք է դատական համակարգի ոչ արդյունավետ գործելու, կոռուպցիոն ռիսկերի առկայության, այդ թվում՝ նաև դատական համակարգի, բազմաթիվ պատճառներ կան, բայց հաշվեհարդար չի կարելի տեսնել: Նկատառմանը, որ երբեմն հաշվեհարդար են տեսնում այն դատավորների նկատմամբ, որոնք ոչ թե հօգուտ ոստիկանների, այլ, օրինակ, ակցիաների մասնակից ակտիվիստների են որոշումներ կայացնում, նախարարը պատասխանեց. «Ընդհանրապես հաշվեհարդար չպետք է տեսնել՝ սամասուդը լավ բանի չի բերում»:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը