ՀՀ-ում ցմահ դատապարտյալների զգալի մասը դատապարտվել է այն ժամանակ, երբ դատավարական ընթացակարգերը շատ անկատար էին, դա ցավոտ հարց է. Հովհաննես Մանուկյան
05.03.2018

- Պարո՛ն Մանուկյան, Երևանի մեկ միասնական ընդհանուր իրավասության դատարան ձևավորվեց: Երբ Դուք արդարադատության նախարար էիք, արդեն ձևավորվել էին Հյուսիսային և Հարավային դատարաններ, որոնց գործունեությունը կրճատվեց: Ինչո՞վ է տարբերվում Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այդ դատարաններից և արդյոք Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նույն ճակատագրին չի՞ արժանանա:
- Տարածքային մասնագիտացված դատարանները ստեղծվել էին Դատական օրենսգրքի ընդունմամբ։ Այդ ժամանակ ես պաշտոնավարում էի վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում։ Ի դեպ, ասեմ, որ ես այդ լուծման ակտիվ կողմնակիցը չէի, սակայն օրենսգիրքը մշակող մասնագիտական հանձնաժողովը նման կարծիք էր ձևավորել և օրենսդիրը համաձայնել էր այդ մոտեցմանը։ Բայց այս երկու դատարանակազմական լուծումները ես չէի համեմատի, քանզի տարբեր հարցեր են լուծվել այս որոշումներով։ Նախկինում գործող տարածքային մասնագիտացված դատարաններն ստեղծվել էին քրեական և քաղաքացիական առավել բարդ գործերը մասնագիտական տեսանկյունից ավելի արհեստավարժ դատարանների կողմից քննության միջոցով առավել որակյալ արդարադատություն ապահովելու նպատակով։ Նպատակին հասա՞նք, թե՞ ոչ․ իմ կարծիքով՝ ոչ։ Պատճառներից չխոսենք, առավել ևս օրվա ակտուալ թեման այլ է։ Երևանի միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծումն այլ խնդիրների լուծմանն էր ուղղված․ ապահովել դատավորների համաչափ ծանրաբեռնվածությունը: Այս խնդիրն օրհասական էր դարձել հատկապես քրեական գործերով մինչդատական վարույթի հետ կապված, փորձել ավելի մատչելի և արագ դարձնել արդարադատությունը Երևանում։ Ժամանակի ընթացքում կերևա այս որոշման արդյունավետությունը։ Կապրենք կտեսնենք։
- Պարո՛ն Մանուկյան, Հայաստանում ինչո՞ւ չեն վերանայվում ցմահ ազատազրկվածների գործերը,անգամ ԱՄՆ-ի նման ժողովրդավար երկրում դատավճիռները վերանայվում են: Արդյոք արդարադատության բոլոր նախարարների կողմից վարվող նմանատիպ քաղաքականությունը չի՞ խոսում այն մասին, որ նման պահանջ ներկայացվող գործերով քաղաքական որոշում կա, և անօգո՞ւտ է «կարկատանները» բացելը, թե՞ այլ տարբերակ կա վատամարդ չլինելու, ի՞նչն է գերակշռում, ի՞նչն է գործերը չբացելու արգելքը:
- Սա իսկապես բարդագույն հարց է, ցավոտ հարց և բազմասայր խնդիր։ Դատապարտյալների իրավունքների պաշտպանությանը զուգահեռ երբեք չի կարելի մոռանալ տուժողների իրավունքների մասին։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ մեր ցմահ դատապարտյալների զգալի մասը դատապարտվել է այն ժամանակներում, երբ դատավարական ընթացակարգերը շատ անկատար էին, հետաքննության և նախաքննության մարմինների գործունեության որակական լրիվ ուրիշ պատկեր ունեինք, գիտության և տեխնիկայի զարգացումը դեռևս անհրաժեշտ մակարդակին չէր, որպեսզի իրեղեն ապացույցների հետ կապված պատշաճ ընթացակարգեր իրականացվեին, շատ գործերով ստեղծվել է նույնիսկ փակուղային իրավիճակ։ Նախորդ տարի որոշակի դրական տեղաշարժ կատարվեց կապված պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կատարելագործման հետ, որը հույս ունենանք այս մասով պրակտիկ կիրառում կստանա։
- Պարոն Մանուկյան, օրենսդրական փոփոխությունները, սահմանադրական փոփոխությունը, որքանո՞վ է փոխում դատավորի անկախության աստիճանը, այնտեղ որքա՞ն է մարդկային գործոնն ու որքա՞ն օրենքինը:
- Կարծում եմ, որ սահմանադրական նոր լուծումներն անկասկած ավելի կատարյալ մեխանիզմներ են նախատեսում դատավորի անկախությունն ապահովելու համար։ Դա առաջին հերթին դատական ինքնակառավարման սկզբունքային նոր մոդելն է, բարձրագույն դատական խորհրդի լիազորություններն ու կազմը, դատավորների նշանակման ընթացակարգերը և մի շարք այլ կարգավորումներ։ Բայց այս ամենով հանդերձ մարդկային գործոնն առանցքային է։ Եվ դա միայն դատական իշխանության պաշտոնյաների հարցը չէ։ Քաղաքական կամք՝ ունենալու անկախ դատարան, պետք է դրսևորի քաղաքական էլիտան առաջին հերթին։
- Պարոն Մանուկյան, իրատեսական համարո՞ւմ եք ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքի գործնական կիրառումը, հաշվի առնելով, որ դրա անհրաժեշտությունը մեկ տարի է, ըստ էության, չի զգացվել:
- Կարծիք կա, որ Մարդու իրավունքի եվրոպական դատարանի վճիռների վերաբերյալ պետք է պատասխանատվության ենթարկել դատավորներին, Դուք համամի՞տ եք:
- Այստեղ հիմնական բանավեճի առարկան դատավորներին իրենց որոշումների հետ կապված նյութական պատասխանատվության ենթարկելու խնդիրն է։ Բազմիցս հայտնել եմ կարծիքս այս մասին և որևէ բան չի փոխվել այս առումով։ Դատավորի նյութական պատասխանատվությունն իր կայացրած որոշումների համար անթույլատրելի է։ Սա նաև Եվրոպայի դիրքորոշումն է։ Այլ կարգապահական պատասխանատվություն, ՄԻԵԴ կողմից հիմնարար իրավունքների և ազատությունների խախտման արձանագրման դեպքում դատավորի մեղքի առկայության պարագայում թույլատրելի է և անհրաժեշտ։ Նման հնարավորություն այսօր էլ կա։
Աղբյուր՝ www.tert.am
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը