Հասարակական վստահությունը՝ հիմնական չափորոշիչ
15.04.2007
Հայաստանի դատական համակարգն ամբողջովին անկախ դառնալու համար դեռեւս բավականին դժվարին ուղի ունի անցնելու։ Նման տեսակետ հայտնեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը՝ արձանագրելով, որ հիմնական ու կարեւորագույն դժվարություններից մեկն էլ հասարակության շրջանում դատական համակարգի նկատմամբ վստահության մթնոլորտ ստեղծելն է։
Խիստ կարեւոր ու հատկանշական է նաեւ այս համակարգում կոռուպցիոն դրսեւորումների բացառումը։ «Հասարակությունը կարող է պահանջել դատական համակարգի այնպիսի մակարդակ, ինչպիսի նյութական վարձատրություն տալիս է այդ համակարգին։ Մարդիկ պետք է գիտակցեն, որ դա անհրաժեշտ է կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար»,–ասաց նա՝ հայտարարելով դատավորների աշխատավարձերի բարեփոխման իրականացման անհրաժեշտության մասին։ Ներկայում դատավորների միջին աշխատավարձը մոտ 250 հազար դրամ է, ինչը, ըստ նրա, պետք է մոտ տասն անգամ բարձրացվի։
Վճռաբեկ դատարանի նախագահի կարծիքով, դատական համակարգի նկատմամբ հասարակական անվստահության օբյեկտիվ պատճառները գալիս են ինչպես խորհրդային շրջանից ժառանգություն մնացած բարդույթներից ու դատական համակարգի գործունեության հանդեպ բացասական վերաբերմունքից, այնպես էլ գործող դատավորների կերպարից։ Այս հարցի լուծումը բանախոսն ուրվագծում է դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի ավարտից հետո, իսկ օրեր առաջ երկրի ղեկավարի կողմից վավերացված Դատական օրենսգիրքը կնպաստի այս առումով էական առաջընթաց արձանագրելու գործին։ Հ. Մանուկյանը տեղեկացրեց, որ այդ օրենսգիրքը սահմանում է դատավորին առաջադրվող բոլոր բարոյական չափանիշները, էթիկայի ու վարքագծի կանոնները, եւ դրանք պարտադիր են բոլոր դատավորների համար։ Դատավորների համար սահմանված բարոյական չափանիշները հասարակական բարոյականության մակարդակից շատ ավելի խիստ ու բարձր են, եւ «հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ պետք է խարսխված լինի դատավորի բարձր բարոյական չափանիշների վրա»։
Դատական օրենսգիրքը սահմանափակում է դատավորների՝ նվերներ ստանալու իրավունքը, իսկ ստացած բոլոր նվերների, դրանց աղբյուրների ու արժեքի մասին դատավորները պարտավոր են տեղեկացնել ու հաշվետու լինել Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին։ Նույն սահմանափակումները տարածվում են նաեւ դատավորների մերձավոր ազգականների վրա։ Բացի այդ, դատավորները պարտավոր են իրենց եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնել ոչ միայն հարկային մարմիններին, այլեւ նաեւ դատավորների ինքնակառավարման վերոնշյալ մարմնին։
Հ. Մանուկյանը չի ժխտում, որ դատական համակարգում ներկայում աշխատում են էթիկայի կանոններից զուրկ, ոչ արհեստավարժ դատավորներ, որոնցից, սակայն, հարկ է ազատվել։ «Դա պետք է կատարել զգուշորեն, որ ամբողջ համակարգը կախվածության մեջ չընկնի «մաքրման» այդ աշխատանքները կատարողներից»,–համոզված է Հ. Մանուկյանը՝ փաստելով, որ անցած տարվա ընթացքում ութ դատավոր ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը