Վահրամ Գայֆեճյանի հուշատախտակի բացման արարողությունն Ախալցիխեում
22.09.2012
Սեպտեմբերի 22-ին Ախալցիխեում կայացավ հայ մեծ գեղանկարիչ Վահրամ Գայֆեճյանին նվիրված հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը:
Հանդիսությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Իվանե Ծիկլաուրին, ՀՀ Սփյուռքի նախարարության Կովկասյան բաժնի ղեկավար Տարոն Շագոյանը, Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի հոգևորականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հուշատախտակի տեղադրման նախաձեռնությունը պատկանում է Ախալցիխեի ստեղծագործողների միությանը, որի նախագահն է Ալեքսանդր Իգիթխանյանը: Հուշատախտակը տեղադրվել է այն տանը, որտեղ ծնվել և մեծացել է հայանուն մեծ նկարիչը:
Բացման արարողությունը կատարեցին դեսպան Հովհաննես Մանուկյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Իվանե Ծիկլաուրին և Վահրամ Գայֆեճյանի դուստրը: Միջոցառման առթիվ դեսպան Մանուկյանն իր խոսքում, մասնավորապես` ընդգծել է, որ վրացական մշակույթի հարստությունը նաև կայանում է նրանում, որ այն իր մեջ բովանդակում է Վրաստանի տարբեր ազգերի ներկայացուցիչների մշակութային հետքեր:
Հուշատախտակի բացումից հետո Ախալցիխեի պետական դրամատիկական թատրոնում կայացել է միջոցառմանը նվիրված համերգ, ուր հանդես են եկել Հայաստանից ժամանած «Կարին» երգի և պարի ազգագրական համույթն ու կոմպոզիտոր Գևորգ Մանասյանի ղեկավարած երգչախումբը, ինչպես նաև Ախալցիխեի վրացական դպրոցների պարային խմբերը:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը