Վրաց նկարչուհի Նինո Փիրցխալաիշվիլու <<Հայ ժողովրդի գողգոթան>> ալբոմի շնորհանդեսը
06.10.2012
Ս.թ. հոկտեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը և <<Կովկասյան տուն - մշակութային կապերի կենտրոն>>-ը կազմակերպել էին վրաց նկարչուհի Նինո Փիրցխալաիշվիլու <<Հայ ժողովրդի գողգոթան>> գծանկարների և գրաֆիկական պատկերների ալբոմի շնորհանդեսը:
Վերջերս կյանքից անժամանակ հեռացած նկարչուհու գծանկարների ալբոմը հրատարակվել է վրաստանում ՀՀ դեսպանության կողմից և նվիրված է Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության Զոհերի հիշատակի 97-րդ տարելիցին:
Հայ ազգի բարեկամ Նինո Փիրցխալաիշվիլու ստեղծագործության նշանակալից մասը կազմում են Ֆրանց Վերֆելի <<Մուսա լեռան քառասուն օրը>> նշանավոր վեպի պատկերազարդումները: Ալբոմում ընդգրկված են նաև գրաֆիկական կոմպոզիցիաներ` նվիրված հայ մեծանուն երգահան, բանահավաք և խմբավար Կոմիտասին: Ն. Փիրցխալաիշվիլու ստեղծագործության հիմնական նպատակը, ինչպես ինքն է ասում, ծառայում է <<քնածներին արթնացնելու, անհոգիների մեջ հոգի ներարկելու, մերձավորին միշտ կարեկից լինելու` բոլորին անհրաժեշտ իրեղեն գաղափարին>>:
Շնորհանդեսին հրավիրված էին Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, Վրաստանի մշակութային և հասարակական շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառման բացմանը ալբոմի ստեղծման գաղափարի և դրա իրագործման կարևորության մասին խոսեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանը, գրող, հրապարակախոս և թարգմանիչ Գիվի Շահնազարին, ալբոմի հրատարակման համակարգող Իրենա Օհանջանովան:
Դեսպան Մանուկյանն իր խոսքում խորը երախտագիտությամբ հիշելով վաղամեռ նկարչուհուն` կարևորեց ալբոմի հրատարակման փաստը վերջինիս կենդանության օրոք, ինչը նրա երազանքն էր, և նաև մեր` հայերիս, բարոյական պարտավորությունը անմահացնել ազնիվ, բարի և կարեկցանքով լի վրացուհու աշխատանքները, որոնք պատկերում են իր կողմից շատ սիրված հայ ժողովրդի մեծ ցավն ու ապրումները: Հովհաննես Մանուկյանն անդրադարձավ նաև հայոց ցեղասպանության խնդրի համընդհանուր ճանաչման և դատապարտման կարևորությանը` նման ոճրագործությունների կանխման և պատմական արդարության վերականգնման տեսանկյունից և հույս հայտնեց, որ Մեծ Եղեռնի 100-ամյակի նախաշեմին բոլոր քաղաքակիրթ երկրները կկատարեն իրենց պարտքը անմեղ զոհերի հիշատակի և բարոյականության առջև:
<<Ես վստահ եմ, որ վաղ թե ուշ մեր հարևան և բարեկամ երկիր Վրաստանը նույնպես կճանաչի և կդատապարտի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, և մենք բոլորս ականատես կլինենք դրան>>,-իր խոսքում նշեց դեսպան Մանուկյանը:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը