Երևանն ու Թբիլիսին սերտ գործընկերային հարաբերությունների մակարդակում են գտնվում
10.10.2012
Պարոն դեսպան, արդեն հայտնի է Վրաստանի կառավարության նոր կազմը: Ի՞նչ եք կարծում, նոր կառավարության գործունեությունը Վրաստանի փոքրամասնությունների և առավելապես հայ համայնքի խնդիրների լուծման տեսանկյունից ինչ հեռանկարներ կարող է խոստանալ:
Հայաստանի և Վրաստանի հարաբերություններն այսօր սերտ գործընկերային մակարդակում են գտնվում: Հատկապես վերջին տարիներին շնորհիվ Հայաստանի գրագետ և հավասարակշիռ քաղաքականության հաջողվել է ջերմ հարաբերություններ ձևավորել մեր հարևանի հետ: Հայաստանը կողմնակից է և ձգտում է տարածաշրջանում բաց սահմաններով և գործընկերության վրա խարսխված հարաբերություններ հաստատելուն` մշտապես պատրաստ լինելով առողջ, իրատեսության վրա հիմնված և առանց նախապայմանների երկխոսության: Մենք լիահույս ենք, որ բարեկամ և գործընկեր Վրաստանի հետ առավել կամրապնդվի համագործակցությունը, ինչն ուղղված կլինի տարածաշրջանային խնդիրների կարգավորմանը և կայունության ամրապնդմանը: Բարեկամական այս հարաբերությունների ձևավորման և ամրապնդման գործում փոքր չէ հայ համայնքի դերը: Մենք Վրաստանում ունենք հսկայական համայնք, ոչ միայն իր թվային կազմով (առանձին գնահատականներով՝ մոտ վեց տոկոսը բնակչության), այլև երկրի կյանքում իր ունեցած ներդրման և ավանդի տեսանկյունից:
Կարծում եմ, որ Վրաստանի խորհրդարանական նոր մեծամասնությունը ևս կարևորում է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և նրանց ապրելու ու արարելու համար երկրում բարենպաստ պայմաններ ստեղծելու կարևորությունը: Բազմամշակութայնությունը Վրաստանի իրական հարստությունն է: Մի բանում վստահ ենք` մեր հարյուր հազարավոր հայրենակիցների համար Վրաստանը դարձել է հայրենի տուն: Նրանք դարեր շարունակ ապրել և ստեղծագործել են մեր հարևան բարեկամական երկրում, վստահ եմ` հետայսու ևս այդպես է շարունակվելու:
Բիձինա Իվանիշվիլին արդեն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգման ուղղությամբ բանակցություններ սկսելու մտադրության մասին: Հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ բանակցությունների օրակարգում տեղ գտնի նաև Հայաստանը Ռուսաստանին կապող աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորությունը:
Ի նկատի ունենալով տարածաշրջանային չհանգուցալուծված հակամարտությունները՝ գաղտնիք չէ, որ Հայաստանի կոմունիկացիոն հնարավորությունները որոշակիորեն սահմանափակված են: Այդ առումով Հայաստանը շահագրգիռ է զարգացումներով, որոնք կարող են հնարավորություն ստեղծել դիվերսիֆիկացնել մեր ճանապարհային և տրանզիտային կարողությունները: Դա Հայաստանի համար բավականին բարենպաստ ընթացք կարող է լինել:
Պարոն Մանուկյան, ընդհանրապես Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունների վերահաստատմամբ աշխարհաքաղաքական ի՞նչ նոր զարգացումներ են հնարավոր մեր տարածաշրջանում, և ի՞նչ կերպ դա կազդի մասնավորապես Հայաստանի վրա:
Հայաստանը շահագրգիռ է տարածաշրջանային կայունությամբ և հակամարտությունների արդարացի և միջազգային-իրավական հանրաճանաչ սկզբունքներին համահունչ ոգով լուծմամբ: Միայն այս ճանապարհով է հնարավոր տարածաշրջանային երկրների կայուն ու երկարատև զարգացումը, տնտեսական ու մշակութային ինտեգրացիան: Մեր տարածաշրջանում հատվում են բազմապիսի և բազմաբնույթ աշխարհաքաղաքական շահեր, որոնք խիստ պայմանական են դարձնում առանձին վերցրած երկրում կայունության հավանականությունը: Չկա քիչ թե շատ կարևոր տարածաշրջանային իրադարձություն, որն այս կամ այն կերպ չանդրադառնա տարածաշրջանի բոլոր երկրների շահերին: Այնպես որ կայունությունն անհրաժեշտ է բոլորին: Իսկ կանխատեսումը, հատկապես քաղաքականության մեջ, անշնորհակալ գործ է: Հատկապես «եթե»-ների առատության պայմաններում:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը