Գերատեսչական պարգեւների հանձնման արարողություն Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից
30.12.2012
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ համայնքային կյանքում ակտիվ գործունեություն ծավալած մեր հայրենակիցներին եւ հայ-վրացական բարեկամության ամրապնդման գործում մեծ ավանդ ներդրած վրաց հասարակության առանձին ներկայացուցիչներին Հայաստանի մշակույթի, սփյուռքի, կրթության եւ գիտության նախարարությունների գերատեսչական հուշամեդալների, պատվոգրերի եւ շնորհակալագրերի պաշտոնական հանձնման արարողությունը:
Միջոցառումը կազմակերպել էր Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Երեկոյի բացման խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը: Դեսպան Մանուկյանը անդրադարձավ հայ-վրացական հարաբերությունների ներկայիս մակարդակին եւ դրանց զարգացման հեռանկարներին, հայ համայնքի կազմակերպման եւ համայնքային կյանքի ակտիվացման հիմնախնդիրներին: Հովհաննես Մանուկյանը, մասնավորապես, կարեւորեց վիրահայ համայնքի ակտիվ դերակատարությունը Վրաստանի ներքաղաքական կյանքում, ինչը լրացուցիչ խթան կարող է դառնալ հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման եւ խորացման համար:
Ելույթի ավարտին դեսպան Մանուկյանը, շնորհավորելով երեկոյի մասնակիցներին եւ հյուրերին Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ եւ բարեմաղթանքներ հղելով նրանց, հանդիսավորության պայմաններում հանձնեց Հայաստանի Հանրապետության տարբեր գերատեսչությունների կողմից շնորհված պարգեւները: Հայաստանի բարեկամների շարքից պարգեւի արժանացած անձանց թվում էր նաեւ Վրաստանի գրողների միության նախագահ տիկին Մաղվալա Գոնիաշվիլին:
Նույն օրը «Հայարտուն» մշակութային կենտրոնում կազմապակերպվեց նաեւ «Ներսես Շնորհալի» մանկապատանեական երգչախմբի տարեմուտի ամփոփիչ համերգը:
Համերգի ավարտին իր օրհնության եւ պարգեւատրված անձանց գնահատանքի խոսքով հանդես եկավ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիկոպոս Միրզախանյանը:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը