Հայաստանի դեսպանն այցելել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին
19.02.2013
Փետրվարի 18-ին տեղի է ունեցել Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանի հանդիպումը Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
Հայաստանի դեսպանը Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդին էր այցելել վերջինիս 80-ամյակի եւ որպես Վրաստանի ուղղափառ եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարք` գահակալության 35-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը փոխանցելու նպատակով:
Շնորհավորական ուղերձի փոխանցմանը հաջորդած ջերմ զրույցի ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-վրացական հարաբերություններին առնչվող կարեւորագույն հարցեր, արձանագրեցին երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների խորացման ու ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք քայլերի կարեւորությունը:
Դեսպան Մանուկյանը եւ Նորին սրբություն Իլյա Երկրորդն անդրադարձան նաեւ միջեկեղեցական հարաբերություններին առնչվող առանձին խնդիրների, ինչպես նաեւ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու հետեւորդ Վրաստանի քաղաքացիների խղճի ազատության իրավունքի լիարժեք իրականացման հնարավորության ապահովման եւ հայկական եկեղեցիների պահպանությանն ու վերականգնմանն առնչվող հարցերին:
Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքն իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի Հանրապետության Նախագահին շնորհավորանքի եւ բարեմաղթանքների համար եւ հույս հայտնեց, որ երկու ժողովուրդների եւ եկեղեցիների միջեւ ձեւավորված ջերմ ու եղբայրական հարաբերությունները շարունակվելու են, իսկ առկա խնդիրները լուծվելու են բարիդրացիական մթնոլորտում, երկխոսության եւ փոխըմբռնման պայմաններում:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը