Վրաստանի օմբուդսմենը լավատես է հայ եկեղեցիների պահպանության և վերականգնման հարցում
01.03.2013
Նախօրեին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նորանշանակ հանրային պաշտպան (օմբուդսմեն) Ուչա Նանուաշվիլիի հետ: Ինչպես տեղեկացնում են Արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի հայ համայնքին հուզող և վիրահայերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաբնույթ խնդիրներ, Հայաստանի և Վրաստանի համապատասխան գրասենյակների միջև համագործակցության, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են Վրաստանում Հայկական եկեղեցիների պահպանության և վերկականգնման, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցուն վերադարձնելու հետ կապված հարցեր` ընդգծելով, որ հայկական եկեղեցիների շուրջ ստեղծված խնդիրը չպետք է դիտարկել որպես Հայաստանի և Վրաստանի միջև առկա խնդրահարույց հարց, քանզի այն իրականում Վրաստանի հայազգի քաղաքացիների կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքների պաշտպանության ապահովման պետության պարտավորությունն է: Վրաստանի նորանշանակ օմբուդսմենը լավատեսական գնահատականներ է տվել խնդրի մոտալուտ կարգավորման հնարավորություններին` արձանագրելով, որ կառավարությունը ևս մտահոգ է խնդրով և ունի անկեղծ ցանկություն` մոտ ապագայում ջանքեր գործադրելու խնդրի կարգավորման համար:
Հովհաննես Մանուկյանը և Ուչա Նանուաշվիլին կարևորել են նաև Վրաստանի հայազգի քաղաքացիների, մասնավորապես` ջավախահայության` Վրաստանի հասարակությանն արդյունավետ ինտեգրելուն ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը նոր իշխանությունների կողմից:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը