Վրաստանի ասորիների համայնքի ղեկավարի հանդիպումը Հայաստանի դեսպանի հետ
13.03.2013
Մարտի 7-ին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն ընդունեց Վրաստանի ասորիների միջազգային կոնգրեսի ղեկավար Դավիթ Ադամովին:
Ողջունելով հյուրին` դեսպան Մանուկյանն իր գոհունակությունն արտահայտեց Վրաստանի ասորական համայնքի` հայ ժողովրդի և Վրաստանի հայ համայնքի նկատմամբ ջերմ և բարեկամական վերաբերմունքի կապակցությամբ: Հովհաննես Մանուկյանն անդրադարձավ նաև հայ և ասորի համայնքների հնարավոր համագործակցության ներուժին և խոսեց ազգային ինքնության պահպանության կարևորության մասին:
Զրուցակիցներն անդրադարձան, մասնավորապես Վրաստանի հայ և ասորական փոքրամասնությունների համայնքների կրթական և մշակութային հիմնախնդիրներին, մտքեր փոխանակեցին դրանց լուծման ուղղությամբ իրականացվելիք քայլերի վերաբերյալ:
Դեսպան Մանուկյանը և Դավիթ Ադամովը մտքեր փոխանակեցին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման և համատեղ աշխատանքների իրականացման ուղղությամբ հետագա գործակցության հնարավորությունների մասին:
Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Վրաստանի ասորիների միջազգային կոնգրեսի ղեկավարին այցելության համար` կարևորելով համայնքային կառույցների միջև փոխգործակցության արդյունավետությունը ազգային, մշակութային ինքնության պահպանման և ինքնադրսևորման գործում:
ՏԵՂԵԿԱՆՔ
Վրաստանում հիմնված ասորական կազմակերպություններից ամենաազդեցիկն է համարվում Վրաստանի ասորիների միջազգային կոնգրեսը: Կազմակերպության հիմնական նպատակն ասորերեն լեզվի, մշակույթի և ավանդույթների պահպանումն է: Կոնգրեսի կողմից իրականացվում են նաև հումանիտար ծրագրեր: Վրաստանի տարբեր հատվածներում գործում են տվյալ կազմակերպության մասնաճյուղերը, ռուսերենով և վրացերենով հրատարակվում է «Ավյուտա» պարբերականը: Ընդհանուր առմամբ, ըստ 2002թ. մարդահամարի` Վրաստանում ապրում է 3299 ասորի (1989թ-ին` 6206 մարդ): Ասորիները հիմնականում բնակվում են Թբիլիսիում, Քութաիսում և Բաթումում: Ամենամեծ ասորական բնակավայրը համարվում է Թբիլիսիից 25կմ հեռավորության վրա գտնվող Մծխեթայի շրջանի Ձվելի-Քանդա գյուղը, որի բնակիչների մեծամասնությունը ասորիներ են: Հաղորդակցվում են վրացերենով և ռուսերենով, կրում են ռուսականացված և վրացականացված ազգանուններ: Հիմնական մասը Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան տիրապետությունից գաղթած, ցեղասպանության ենթարկված և Անդրկովկասում վերաբնակված ասորիների ժառանգներն են:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը