Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ Միքայել Գրիգորյանի ստեղծագործական երեկոն
19.03.2013
Վրաստանի հայ մտավորականների միության նախաձեռնությամբ, մարտի 16-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ, «Պատվո» շքանշանի ասպետ Միքայել Գրիգորյանի 70-ամյակին նվիրված երեկո և նրա գեղանկարչական աշխատանքների առաջին անհատական ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա էին Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության փոխնախարար տիկին Մարինա Միզանդարին, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի մշակույթի նախարարի խորհրդական Յուրի Մեչիտովը:
Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ռուբեն Թորոսյանը ներկայացրեց արվեստագետի ստեղծագործական ուղին, հիշատակեց Թբիլիսիի Պ.Ադամյանի թատրոնում գլխավոր ռեժիսոր աշխատած տարիներին հայ և վրացի դրամատուրգներից բեմադրած նրա ներկայացումները: Միքայել Գրիգորյանի աշխատանքային տարիները բեղմնավոր են եղել նաև Վրաստանի ռադիոյի հայկական հաղորդումների խմբագրությունում, Մոսկվայի ОРТ և РТР հեռուստալիքներում:
Ողջունելով Միքայել Գրիգորյանին ստեղծագործական երեկոյի կապակցությամբ, Վրաստանի մշակույթի փոխնախարարը արհեստավարժ բեմադրող ռեժիսորի թատերական գործունեությունն անվանեց անգնահատելի ներդրում վրացական մշակույթի զարգացման գործում և փոխանցեց Վրաստանի մշակույթի նախարար Գուրամ Օդիշարիայի ողջույնը և բարեմաղթանքները:
Բոլոր ելույթ ունեցողները արժեվորելով Միքայել Գրիգորյանի ստեղծագործական բազմակողմանի շնորհները, խոսեցին շուրջ 20 տարի հասարակությունից դուրս ստեղծագործելու մասին, որի արգասիքը 300-ից ավելի յուղաներկ և ջրաներկ կտավներն են և երեք լեզուներով գրված հիանալի բանաստեղծությունները:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը գնահատանքի իր խոսքում Միքայել Գրիգորյանին հորդորեց լինել հասարակության մեջ, նվիրվել սերունդներին կրթելու, իր գիտելիքները և փորձը հաղորդելու, Վրաստանի հայ մշակութային կյանքը զարգացնելու և խորացնելու գործին:
Տաղանդաշատ ռեժիսորն ու մեծ արվեստագետը հանդիսատեսին ներկայացավ եռալեզու բարձրարժեք գեղարվեստական խոսքով, որը համեմված էր հայերեն, ռուսերեն և վրացերեն գրած սեփական բանաստեղծություններով: Հանդիսատեսի հետ երկխոսության ձևաչափով երեկոն Միքայել Գրիգորյանի՝ իր երկու հայրենիքներին նվիրվածության, ծնող ժողովրդին սիրո, վիրահայ համայնքը համախմբելու երախտագիտության արտահայտություն էր: Միջոցառումը դարձավ տաղանդավոր ստեղծագործողի ներուժի դրսևորման գեղեցիկ երեկո:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը