ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակության այցը Վրաստան
22.03.2013
Մարտի 20-22-ը պաշտոնական այցով Թբիլիսիում էր գտնվում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությանն ուղեկցում էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Այցի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարը մարտի 21-ին հանդիպումներ ունեցավ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի, մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հետ:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպման ընթացքում ՀՀ մշակույթի նախարարը կարևորեց վարչապետի` տարեսկզբին Երևան կատարած այցելությունը, ինչը լուրջ խթան հանդիսացավ, մասնավորապես, երկկողմ մշակութային համագործակցության ծրագրերի հստակեցման և համատեղ իրականացվելիք միջոցառումների նախանշման առումով: Վրաստանի վարչապետը պատրաստակամություն հայտնեց իր ուժերի ներածի չափով աջակցություն ցուցաբերել երկու ժողովուրդների միջև մշակութային համագործակցության խորացմանը և մշակութային կապերի ամրապնդմանը:
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը նախարար Հասմիկ Պողոսյանի հետ կայացած հանդիպման ընթացքում բարձր գնահատեց հայ և վրաց եղբայրական ժողովուրդների հազարամյակների պատմություն ունեցող բարեկամությունը և կարևորեց մեր բազմադարյա մշակութային ժառանգությունը մեր հասարակություններին հասու դարձնելու համար պատշաճ պայմանների ստեղծումը: Միաժամանակ կողմերը կարևորեցին եկեղեցական և հոգևոր ժառանգության պահպանման ոլորտում համագործակցությունը` որպես մշակութային համագործակցության կարևոր բաղադրիչ:
Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հետ տեղի ունեցած առանձնազրույցի և երկու երկրների մշակույթի նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած ընդլայնված կազմով հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների մշակութային համագործակցության ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցեր, այդ թվում նաև Վրաստանում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գործունեությանն առնչվող և երկկողմ մշակութային ծրագրերի ու միջոցառումների իրականացման վերաբերյալ խնդիրներ:
Նախարար Հասմիկ Պողոսյանն իր գործընկերոջ հետ միասին և պատվիրակության այլ անդամների ուղեկցությամբ այցելեցին Թբիլիսիում գտնվող Սբ.Նորաշեն, Սբ. Նշան և Մուղնու Սբ. Գևորգ հայկական եկեղեցիներ` ծանոթանալու վերականգնողական աշխատանքների նախագծային և այլ մանրամասների հետ: Վրաստան կատարած այցելության մշակութային ծրագրերի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Մծխեթայում գտնվող վրաց ուղղափառ եկեղեցու Սվետիցխովելի և Շիոմգվիմելի վանական համալիրներ:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը