Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ
05.07.2013
Սահմանադրությունը յուրաքանչյուր պետության ո'չ միայն հիմնական օրենքն է, այլև յուրօրինակ պետական խորհրդանիշ, որն իր մեջ ամփոփում է այն ընդունող ժողովրդի ինքնությանը բնորոշ արժեհամակարգն ու ձգտումները:
ՀՀ Սահմանադրությունը ընդունվել է ծանր պայմաններում՝ հետպատերազմյան ժամակաշրջանում, քաղաքական և տնտեսական ճգնաժամի պայմաններում: Այն հայ ժողովրդի անկախ պետականության իրականություն դարձած դարավոր երազանքն արտահայտող առաջին Սահմանադրությունն է: Այդ փաստն իր արտացոլումն է գտել Սահմանադրության նախաբանում, որի համաձայն ժողովուրդը Սահմանադրությունն ընդունում է՝ §իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը¦:
Պետականության դարավոր կորստից հետո ժողովրդավարական ճանապարհով իր ապագայի համար սահմանադրական երաշխիքների ստեղծումը բացառիկ իրողություն էր հայ ժողովրդի պատմական ճակատագրում: Հայրենիքի հզորացումը և բարգավաճումը, սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը և քաղաքացիական համերաշխությունը, որոնք նշված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում վեհ նպատակներ են, իսկ հավատարմությունը համամարդկային արժեքներին, մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը, իշխանությունների տարանջատումը, խտրականության արգելումը՝ կարևորագուն սկզբունքներ, որոնց վրա կառուցված են Սահմնանադրության բոլոր մնացած դրույթները:
Սակայն Սահմանադրությունն ուղղակի բարի ցանկությունների հռչակագիր չէ, այլև՝ ուղղակի գործողություն ունեցող իրական փաստաթուղթ: Սահմանադրությունն ունի ուղղակի գործողության իրավական բնույթ, ինչր ենթադրում է իրավաիրացման սուբյեկտների գործողությունների ուղղակի պայմանավորվածություն սահմանադրական գաղափարների և արժեքների, ինչպես նաև դրա իրականացման միջոցների և ձևերի հետ:
Անվիճելի է, որ Սահմանադրությունը ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտ է: Ժողովրդավարական պետությունը միշտ սահմնադրական է, բայց Սահմանադրություն ունեցող ոչ բոլոր պետությունները կարող են կոչվել սահմանադրական և ժողովրդավարական: Սահմանադրությունն ընդունելը քիչ է, հարկ է հասնել դրա անշեղ կատարմանը: Ի կատարում վերջինիս՝ արդեն 18 տարվա գործողության ժամանակահատվածում սահմանադրական հիմնարար սկզբունքներն ազգային իրավական համակարգում և հասարակական գործունեությունում կյանքի կոչելով՝ ՀՀ Սահմանադրությունը հասցրել են <<չափահասության տարիքի>>: Այդ ամբողջ ընթացքը կարելի է բնորոշել որպես սահմանադրական կարգի կայացման ժամանակահատված:
Միևնույն ժամանակ Սահմանադրությունը մշտապես և դինամիկ զարգացող համակարգ է՝ հասարակական և համամարդկային զարգացման ուղղություններին համահունչ: Այդ զարգացումը պետք է հետապնդի սահմանադրական այնպիսի բավարար նախադրյալներ ստեղծելու նպատակ, որոնք հնարավոր կդարձնեն սահմանադրական հիմնարար արժեքների ու սկզբունքների լիարժեք կենսագործումը, իշխանությունների իրական տարանջատումն ու գործուն հակակշռման մեխանիզմների ստեղծումը, իրավունքի գերակայության սկզբունքի պրակտիկ կենսագործումը: Այս առումով կարծում եմ առջևում դեռ մեծածավալ աշխատանք կա:
Իսկ այսօր եկեք միմյանց շնորհավորենք կարևոր պետական այս տոնի կապակցությամբ, մաղթենք բարգավաճում մեր հայրենիքին և բարեկեցություն մեր ժողովրդին:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը