Վրաստանում Հայաստանի դեսպանատանը գնահատել են անվանի հրապարակախոսի ավանդը
24.08.2013
Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը դեսպանությունում ընդունեց ծագումով հայ, թիֆլիսաբնակ հայտնի թարգմանիչ, հրապարակախոս օգոստոսի 23-ին Գիվի Շահնազարին: Հանդիպումը նախաձեռնել էր դեսպան Մանուկյանը` Գիվի Շահնազարի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ: Շնորհավորելով հոբելյանին` Հովհաննես Մանուկյանը նրան փոխանցեց նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական հեռագիրը: Բարձր գնահատելով Գիվի Շահնազարի ունեցած ավանդը Վրաստանի եւ Հայաստանի մշակութային կապերի խորացման գործում, հատկապես գրականության եւ թարգմանչական գործի ոլորտում` Հանրապետության նախագահը Գիվի Շահնազարին մաղթել էր քաջառողջություն եւ անսպառ ստեղծագործական եռանդ:
Դեսպան Մանուկյանը` շնորհավորանքի խոսքեր հղելով տաղանդավոր ստեղծագործողին` չափազանց բարձր գնահատեց նրա ունեցած ավանդը երկու ժողովուրդների մշակութային փոխճանաչման գործում:
Ծանոթություն.
Գիվի Շահնազար (Գիգուշ Յակովի Շահնազարով) ծնվել է 1933 թ., Թբիլիսիում: Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս: Ստացել է վրացական կրթություն, այնուհետեւ անհրաժեշտ է համարել մայրենի լեզվի իմացությունը, ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի հայագիտության ամբիոն:
Նարեկացի, Սայաթ-Նովա, Չարենց, Իսահակյան, Վահան Տերյան, Սիլվա Կապուտիկյան, Վահագն Դավթյան, Համո Սահյան, Պարույր Սեւակ` ահա ծագումով հայ Գիվի Շահնազարի կողմից տարբեր ժամանակներում վրացերեն թարգմանած հեղինակների ոչ ամբողջական շարքը:
Գիվի Շահնազարի թարգմանություններն այնքան ընդունված են, որ վրացերեն թարգմանված հայկական բանաստեղծության հիմքով երգ է ստեղծվել, ինչը շատ հազվադեպ է պատահում: Իսկ ամբողջ Կովկասում սիրված հայ աշուղ Սայաթ Նովան Վրաստանում այդքան մեծ սեր է վայելում Գիվի Շահնազարի ջանքերի շնորհիվ, քանի որ մինչ այդ Սայաթ-Նովայի ստեղծագործությունների վրացերեն տարբերակը լի է եղել անթույլատրելի սխալներով:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը