«Երազ, իմ երկիր». Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործական երեկոն Թբիլիսիում
10.09.2013
18:56 10 Սեպ, 2013
Թբիլիսիի Ազգային գրադարանի ցուցահանդեսային դահլիճում, օրերս Վրաստանում ՀՀ դեսպանությունը ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ կազմակերպել էր ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ, պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործական երեկոն: ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ եւ ՀԱԵ Վիրահայոց թեմի աջակցությամբ` Թբիլիսահայ համայնքի եւ Հայաստանի միջեւ մշակութային կապերը ամրապնդելու նպատակով կազմակերպված միջոցառումը բացել է ինքը` Ճանաչված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը` կատարելով Հայաստանին նվիրված «Երազ, իմ երկիր» երգը: Ստեղծագործական երեկոյին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, հոգեւոր դասի, թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչներ, Ռոբերտ Ամիրխանյանի արվեստի երկրպագուներ: Դեսպան Մանուկյանը, բարձր է գնահատել մաեստրո Ամիրխանյանի ժառանգությունը երաժշտության մեջ եւ երգարվեստում:
«Աշխարհասփյուռ հայկական համայնքներում հայապահպանության, ազգային ինքնության պահպանության երկու կարեւորագույն գործոն կա ` լեզուն եւ մշակույթը: Վրաստանի համայնքը` որպես ավանդական, առավել մեծաքանակ եւ ազդեցիկ համայնքներից մեկը, այսօր մշակութային վերելք է ապրում, եւ մեր պարտականությունն է անել առավելագույնը` նպաստելու համար այս գործընթացին եւ ամրապնդելու համար համայնքի բազմաշերտ մշակութային կապերը մեր հայրենիքի հետ»,- իր խոսքում նշել է ՀՀ դեսպանը:
Երեկոյի ընթացքում Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունների հրաշալի կատարմամբ հանդես է եկել Հայաստանի կատարողական արվեստի նորահայտ, բայց արդեն իսկ մեծ ճանաչում ձեռք բերած երգչուհի Սեդա Ամիր-Կարայանը:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը