Հովհաննես Մանուկյանն առաջարկում է օրենսդրական ակտերի մշակման կենտրոն ստեղծել
30.10.2014

Այսօր Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն առաջարկել է ստեղծել հետազոտական կենտրոն, որտեղ կմշակվեն երկրի համար կարևոր օրենսդրական ակտերը: Այս մասին նա հայտարարեց Հայաստանում օրենսդրական գործընթացի գնահատման վերաբերյալ զեկույցի քննարկմանը, որը կազմակերպել են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և Մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) ու ԵԱՀԿ երևանյան գրասենյակը` ՀՀ Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ:
Նախարարը ասաց, որ համանման կենտրոնի ստեղծման գաղափարը դեռ տարիներ առաջ է ծնվել:
«Ցավոք, այդ գաղափարը որոշ ժամանակ մշուշոտ թափառեց որպես գաղափար, և դրա շուրջ հստակ դիրքորոշում չարձանագրվեց: Կարծում եմ արժե, որ այն կրկին շրջանառության մեջ դնենք, որպեսզի կարողանանք գործադիր և օրենսդիր մարմինների մեր գործընկերների հետ միասնական մոտեցում դրսևորել օրենսդրական ակտերի ձևավորման վերաբերյալ և փորձենք մեր գործընկերների հետ Հայաստանում մի այդպիսի կենտրոն պատկերացնել, որի կարևորությունը, կարծում եմ, շատ կա»,- ասաց նախարարը:
Ոլորտում առկա խնդիրների շարքում նա առանձնացրեց տարբեր կառույցներում բավարար քանակի և որակի կադրերի պակասը, որոնք կարող են «իրականացնել իրավական ակտերի ստեղծման բարդ աշխատանքները»:
Հովհաննես Մանուկյանը կարևորեց նաև քաղաքացիական հասարակության ներգրավվածությունն այս աշխատանքներին: Նա նշեց, որ վերջին շրջանում փորձել են ակտիվացնել նաև Հանրային խորհուրդների գործունեությունը:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը