Հովհաննես Մանուկյանի ելույթը իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վլադիմիր Նազարյանի հուշատախտակի բացմանը
17.04.2015

Ընդամենը շաբաթներ առաջ հարգարժան պարոն Գագիկ Հարությունյանի հետ քննարկեցինք Վլադիմիր Նազարյանի հուշատախտակի տեղադրման գաղափարը և այսօր արդեն բացումն ենք անում այդ հուշատախտակի:
Շնորհակալություն եմ հայտնում պարոն Հարությունյանին՝ գաղափարին միանալու և աջակցելու համար և բոլոր այն անձանց, ովքեր ապահովեցին կազմակերպական աշխատանքը:
Այս փոքրիկ, համեստ նյութական արտահայտությունը մեր հիշողության և երախտիքի՝ մեր իրավաբանական համայնքի ամենապայծառ դեմքերից մեկին՝ մեր հոգու պարտքն է:
Որևէ ոլորտի, լինի մշակույթ, գիտություն, արվեստ ... երախտավորներին մենք պարտավոր ենք արժանին մատուցել, հատկապես եթե մենք չենք կարողացել դա անել նրանց կենդանության օրոք:
Վլադիմիր Նազարյանը շարքային մարդ չէր, նա պարզապես ճանաչված իրավաբան կամ հայտնի գիտնական չէր: Նա էքստրաօրդինար մարդ էր:
Թեկուզ մեկ անգամ նրա հետ շփված մարդու մոտ նա թողնում էր չմոռացվող (չեմ ասում՝ անմոռանալի) հիշողություններ:
Նա հակասական կերպար էր. կարելի էր շատ տարբեր վերաբերմունք ունենալ Նազարյանի նկատմամբ կամ կարծիք նրա մասին: Նա երբեմն շատ կտրուկ էր, երբեմն անհանդուրժող, երբեմն մտավորականին ոչ բնորոշ ուղղախոսություն և ագրեսիա ուներ: Բայց միևնույն ժամանակ ուներ ինտելեկտի և հումորի այն մակարդակը, մտքի և երևակայության այնպիսի թռիչք, որոնց դիմաց մնացած ամենը խամրում էին: Ինքն էլ ընդամենը մի որակ էր ընդունում՝ ինտելեկտը: Հարգում էր, երբ տեսնում էր դրա առկայությունը:
Բախտ եմ ունեցել կարճ ժամանակահատված աշխատել Վլադիմիր Ռուբենիչի հետ:
Անհնար էր չլսել այդ մարդուն, անհնար էր նրա կողքին լինել և չսովորել նրանից: Եվ պիտի խոստովանեմ, որ իմ կյանքում ունեցած շատ փոքր թվով ուսուցիչներից է. մարդ, որից ես գիտելիք, փորձ և իմաստություն եմ ստացել:
Հարգելի պարոն Նազարյա՛ն, Սիրելի Վլադիմիր Ռուբենիչ, մենք քեզ հիշում ենք, դու մեզ հետ ես: Շնորհակալություն ...
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը