ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ
22.04.2015

Գիտաժողովի հարգելի մասնակիցներ,
Հարգելի հյուրեր,
Օսմանյան կայսրության կողմից մեկ դար առաջ իրականացված ոճրագործութունը այսօր ևս շարունակում է մնալ ցեղասպանությունների համար պատասխանատվության անխուսափելիության ապահովման և դրանով իսկ մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորագույն խնդիր: Ուստի և մեր գիտաժողովի թեման կարևորվում է ինչպես հայ ժողովրդի դեմ կատարված մեծագույն ոճրագործության իրավական գնահատականի և համապատասխան պատասխանատվության ապահովման անհրաժեշտության տեսանկյունից, այլ նաև այն ցավալի իրադարձությունների ենթատեքստում, որոնք զարգանում են մեկ դար անց՝ արդեն մեր օրերում, նույն Միջին Արևելքում:
Միաժամանակ, ես կցանկանայի կարևորել այս միջոցառումը նաև այլ տեսանկյունից. գիտաժողովում ցեղասպանությունների և մասնավորապես Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների քննարկումը կընթանա իրավունքի դիրքերից, միջազգային իրավական կոնտեքստում: Հայոց ցեղասպանությունը բազմաթիվ գիտական ֆորումների և հետազոտությունների առարկա է հանդիսացել, որոնք, որպես կանոն, պատմագիտական կամ քաղաքագիտական բնույթի են եղել: Այսօր և վաղը մենք փորձելու ենք դիտարկել հիմնահարցերը զուտ միջազգային իրավական տեսանկյունից, ինչն անկասկած կհաղորդի նոր որակ և նոր ազդակ Հայոց ցեղասպանության իրավական որակման, միջազգային ճանաչման և ոճրագործության համար պատասխանատվության ապահովման շարունակական գործընթացին:
Եվ սա պատահական չէ:
Վերջին շրջանում Հայոց ցեղասպանությանն առնչվող քննարկումների ընթացքում հատուկ է շեշտվում հիմնահարցին իրավունքի դիրքերից անդրադառնալու և խնդրի վերաբերյալ ամբողջական միջազգային իրավական դիրքորոշում մշակելու անհրաժեշտությունը: Ավելին, 2015 թ. հունվարի 29-ին ընդունված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի 6-րդ կետում արձանագրված է Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը` Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակվում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ:
Այս հիմնարար խնդրի լուծումը, անշուշտ, պահանջում է ծավալուն և համակարգված աշխատանք, որի ընթացքում պետք է սթափ գնահատվեն առկա իրավական և փաստացի հնարավորությունները, հաշվի առնվեն ժամանակակից միջազգային իրավական-քաղաքական իրողությունները, իսկ գործողությունների և քայլերի հետագա ընթացքը պետք է նախագծվի իրավիճակային զարգացման տարբեր հնարավոր սցենարներով:
Կարևորելով ճանաչման և դատապարտման պահանջի իրավական դիրքորոշման հստակեցման խնդիրը, պետք է ընդգծել, որ դրա ձևակերպումը պետք է զուգորդվի Հայոց ցեղասպանության ճանաչմանը և հետևանքների հաղթահարմանն ուղված ջանքերով քաղաքական, դիվանագիտական, մշակութային, հոգևոր և որ ոչ պակաս կարևոր է՝ ժողովրդական դիվանագիտության ոլորտներում:
Ի դեպ, մեր պահանջի իրավական ձևակերպման տեսանկյունից անհրաժեշտ և հույժ կարևոր է հենվել ոչ միայն 1915 թվականի մասսայական բնաջնջման և տեղահանման պատմական փաստերի վրա, այլև 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը հիմնավորող իրադարձությունների և փաստական հանգամանքների վրա:
Հայոց ցեղասպանության ժխտողականության և հերքման փորձերը կազմում են Թուրքիայի պետական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը` հաճախ զուգորդվելով հայատյացության, անհանդուրժողականության, ազգային հողի վրա ատելության և անգամ բռնության դրսևորմներով։ Դրանից ելնելով մենք համոզված ենք, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և ցեղասպանության հանցագործության հանրային հերքումները կամ արդարացման փորձերը որևէ կերպ պետք է որակվեն որպես օրենքով պատժելի գործողություններ։ Եվ այդ գործնթացում անընդունելի պետք է համարել «երկակի ստանդարտների» և «տարբերակված մոտեցումների» որդեգրման ցանկացած փորձ:
Ինչպես նշեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2015թ. ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ` «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-ամյակը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արյունահոսի»: Նման հիշատակի բացակայության, և որպես դրա հետևանք Հայոց ցեղասպանության, Մեծ Եղեռնի մինչ օրս անպատիժ մնալու փաստի հետևանք է նաև այսօր Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերվող հակահայկական կեցվածքը և միջպետական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների առաջադրումը:
Թուրքիայի կողմից ցեղասպանության մերժումը չի խոչընդոտել, որպեսզի բազմաթիվ պետություններ և վերազգային կառույցներ ճանաչեն հայ ժողովրդի նկատմամբ իրագործած ցեղասպանությունը և դատապարտեն այն` որպես մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկը:
Նման ճանաչման ամեն մի որոշում յուրօրինակ դրվագ է վերջին տարիներին ամբողջ աշխարհում հանուն պատմական ճշմարտության և արդարության ընթացող պայքարի: Այդ որոշումները պատասխան են Թուրքիայի ժխտողական դիրքորորշմանը և ապացույց այն բանի, որ, չնայած վերջինիս կողմից կիրառվող քաղաքական, տնտեսական և քարոզչական ճնշումներին, պատմական ճշմարտությունը և իրավական հստակ գնահատականը անշեղորեն իրենց ուղին հարթում են անգամ երբեմն ծայրահեղ պրագմատիզմ դավանող ժամանակակից աշխարհում:
Համոզված լինելով, որ մեր գիտաժողովը ի զորու է և անպայման կհանդիսանա այդ գործընթացի կարևոր բաղադրյալ և գործոն, ես մաղթում եմ բոլորիս բեղմնավոր և արդյունավետ աշխատանք:
Շնորհակալություն:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը