Շնորհավոր տոնդ, Գյումրի
30.09.2018

Զգացմունքային, զգայուն գյումրեցին միայն կարող էր ապրիլյան պատերազմի զգացածն ու կրածը դարձնել մշակույթ, բեմադրել ու մայրաքաղաքին ստիպել, որ գնան հենց Գյումրիում դիտեն ՀԱՐՍԱՆԻՔ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ներկայացումը: Արվեստի հանդեպ երկյուղածությունը գյումրեցին վաղուց հաղթահարել է ՝ այն ոչ միայն դարձնելով իրենը, այլև ծառայեցնելով իրեն հատուկ երևակայությանն ու թասիբին:
Յուրաքանչյուր նորություն քննադատողի, սուր լեզվի համբավ ունեցող գյումրեցիները բծախինդիր են նաև իրենց հանդեպ: Անկախությունից հետո, փոփոխված արժեքներին չհամակերպվելով, գյումրեցիներին հաջողվեց քանդակագործներին տանել Գյումրի և անմիջական վերահսկողություն իրականացնել նրանց աշխատանքների մրցույթի հանդեպ: Հետաքրքիր պատասխան տվեց մրցույթի կազմակերպիչներից մեկը. «Մենք չենք վստահում, որ հիմա ում ասես քանդակեն, հիմա մարդիկ շատ են փոխվել, խաչքարն էլ կուզեն մոդայի հետևից գնալով սարքեն»:
Այդպես մտածելով՝ հավանության արժանացրին Քրքորյանի արձանին, երբ քանդակի խմբակ հաճախող երեխաներից մեկը մեծի պես քանդակին տվեց իր հավանությունը. «Շնորհքին արձան է, առաջինը՝ դեմքը կերևա, շորերը նորմալ, արդուկած, մեկ էլ շատ նման է»…
Շնորհավոր տոնդ, իմ բծախնդիր ու հարազատ քաղաք: Թող միշտ հնարավորություններդ ու ցանկություններդ հաշտ լինեն իրար հետ: Բազում հաջողություններ ու նոր նվաճումներ սպորտում առաջատար, հումորով անպարտելի, խոսքաշեն ու անխնա քննադատող գյումրեցիներին:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը