Maxinfo.am-ը զրուցել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի հետ` ջավախքահայության խնդիրների, Մաքսային միության անդամակցության, ինչպես նաև Զորի Բալայանի` Վ. Պուտինին ուղղված նամակի շուրջ:
***
-Պարոն դեսպան, հայկական համայնքն ի՞նչ հաջողություններ ու ձեռքբերումներ է գրանցել Վրաստանում վերջին տարիներին:
-Կարծում եմ Վրաստանի հայ համայնքի այսօրվա գլխավոր նվաճումը հասարակական և մշակութային կյանքի աշխուժացումն է: Նկատելի են դառնում դրական տեղաշարժեր ներքին համայնքային կյանքի ինքնակազմակերպման, համայնքի առջև կանգնած խնդիրների իմաստավորման տեսակետից:
Հայկական հասարակական միավորումներն այսօր ավելի անկաշկանդ են իրենց գործունեության մեջ, կարծես թե փորձում են ընկալել ընդհանուր խնդիրների լուծման համար համատեղ ջանքերով հանդես գալու արդյունավետությունը: Հարկ եմ համարում ընդգծել, որ նման մթնոլորտի ձևավորման համար բարենպաստ հող ստեղծվեց հատկապես նոր քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում:
Հայաստանը մշտական ուշադրության կենտրոնում է պահում մեր ամենակարևոր և առանցքային համայնքներից մեկի՝ Վրաստանի հայ համայնքի հիմնախնդիրները և փորձում է թե´ երկկողմ հարաբերությունների ձևաչափում, թե´ Հայաստան – վիրահայ համայնք ձևաչափում գտնել դրանց լուծման ճիշտ և արդյունավետ ուղիներ: Միաժամանակ չենք կարող ասել, որ իրավիճակը իդեալական է: Անելիք շատ կա:
-Ինչպե՞ս կգնահատեք հայերի մշակութային կյանքը Թբիլիսիում:
-Գիտեք, որ ավանդաբար հայերը մեծ ազդեցություն են ունեցել Վրաստանի, և հատկապես Թիֆլիսի մշակութային կյանքում: Այստեղ ստեղծագործել են հայկական երաժշտության դասականներ Մ.Եկմալայանը, Խ. Կարա-Մուրզան, Ա. Մելիք-Փաշաևը, «Անուշ» օպերայի հեղինակ Ա. Տիգրանյանը: Ծագումով Թբիլիսից են եղել նաև ժամանակակից մեծ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանը և Միքայել Թարիվերդիևը:
Վրաստանը եղել է հայ մշակույթի կարևոր կենտրոններից մեկը: Եվ, բնականաբար, մշակութային ծաղկունքի հիմքը հայ համայնքն է եղել:
Սակայն ցավոք, այսօր տնտեսական, հասարակական, մշակութային այն հզորությունը չունենք: Դրա համար կան լուրջ օբյեկտիվ պատճառներ. մասնավորապես հետխորհրդային ժամանակաշրջանի առաջին իսկ տարիներից սկսված արտագաղթը, ինչի արդյունքում շատ տաղանդավոր, գործարար, մտավորական հայեր լքեցին երկիրը:
Այժմ որոշակի վերածնունդ նշմարվում է: Ահավասիկ, հայ եկեղեցուն կից գործող «Հայարտուն» մշակույթի կենտրոնը ծավալում է հետաքրքիր գործունեություն. ազգային, եկեղեցական տոների կամ այլ պատեհ առիթներով կազմակերպում և իրականացնում է զանազան մշակութային միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, համերգներ, փառատոներ և այլն:
Դրա հետ մեկտեղ, մեծ ակնկալիքներ ունեմ, որ Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական թատրոնը, որը փառահեղ անցյալ ունի, կվերականգնի իր վաղեմի փառքը և Վրաստանի հայկական մշակութային կենտրոնի համբավը: Ցավոք, մեր թատրոնի շենքի անմխիթար վիճակը և որոշ այլ հանգամանքներ խանգարում են, որպեսզի թատրոնը կարողանա գործի դնել իր ներուժը:
Ընդհանրապես, համայնքային կյանքի, և մասնավորապես հայ մշակութային կյանքի զարթոնքն ապահովելու համար էական է Հայաստանի շահագրգիռ մասնակցությունը: Անհրաժեշտ է, որպեսզի այս բնագավառում բոլոր պետական կառույցների` թե´ մշակույթի, թե´ կրթության և գիտության, թե´ սփյուռքի նախարարությունների գործունեությունը լինի համադրված և նպատակային՝ դեսպանության գործառութային մասնակցությամբ: Նման պայմաններում միայն արդյունավետ լուծումներ կստանան համայնքային կյանքի կարևոր հիմնախնդիրները:
-Արդյո՞ք մտահոգիչ չէ, որ փակվում և վատթարանում են Վրաստանում հայական դպրոցների վիճակը:
-Հայկական դպրոցների հարցը, հատկապես Թբիլիսիում, իրոք մտահոգիչ է: Ստեղծված իրավիճակն ունի բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ՝ հայերը մայրաքաղաքում այլևս հոծ բնակությամբ չեն ապրում, ակտուալ է վրացերենին լավ տիրապետելու անհրաժեշտությունը, ինչը հայկական դպրոցները չեն ապահովում, անմխիթար է դպրոցների սոցիալտնտեսական վիճակը և այլն: Բացի այդ, կենսական պահանջները, այդ թվում, հետագայում երեխային բարձրագույն կրթություն տալու ցանկությունը հաճախ հայ ծնողներին հարկադրում է իրենց երեխաներին տանել վրացական դպրոց: Հայկական դպրոցների վերացման միտումները կասեցնելու համար զուտ մարդկանց հայրենասիրական զգացումներին կամ մղումներին դիմելը բավական չէ, հարկավոր է իրապաշտ մոտեցում:
Իրավիճակը շտկելու հնարավորություններից մեկը ես տեսնում եմ Թբիլիսիում մասնավոր հայկական կրթական հաստատության ստեղծման մեջ, ուր ուսումնական գործընթացը կիրականացվի այն մակարդակի վրա, որը կկարողանա ապահովել աշակերտների մրցունակությունն ինչպես վրացական, այնպես էլ հայկական բուհեր ընդունվելիս: Նման հաստատությունը կարող է ստանձնել առաջատարի դեր մյուս հայկական դպրոցների համար՝ խթանելով հայկական միջնակարգ կրթության մակարդակի բարձրացումը Վրաստանում: Սակայն նման գաղափարի իրականացման գործում անհրաժեշտ են նվիրյալներ: Դա ծանրագույն խնդիր է:
Միաժամանակ, ուզում եմ արձանագրենք մի փաստ. Վրաստանում այսօր գործում են հարյուրից ավելի պետական հայալեզու դպրոցներ: Ուզում եմ շեշտել` պետական: Այսինքն պետական միջոցներով ֆինանսավորվող: Ցույց տվեք խնդրեմ որևէ երկիր, թեկուզ հայերով հոծ բնակեցված, որտեղ գործում են հայալեզու պետական դպրոցներ: Չկա նման երկիր:
-Ջավախահայության ինտեգրման, բայց ոչ ձուլման քաղաքականությունն ի՞նչ արդյունքներ է տալիս:
-Վերջին տարիներն այդ առումով բավական ակտիվ կարելի է համարել: Պետք է արձանագրել, որ իրավիճակն աստիճանաբար ավելի ներդաշնակ է դառնում. վիրահայության մոտ հասունացել է այն բանի ըմբռնումը, որ Ջավախքում սոցիալական խնդիրները լուծելու, կենսամակարդակը բարձրացնելու, տարածաշրջանը զարգացնելու համար անհրաժեշտ է ակտիվորեն մասնակցել Վրաստանի քաղաքական, հասարակական, մշակութային և տնտեսական կյանքին: Իսկ դա, իր հերթին, առանց վրացերենի իմացության հնարավոր չէ: Այսօր, ջավախքահայության, հատկապես, երիտասարդների շրջանում, անշուշտ աճել է վրացերենին տիրապետող մարդկանց թիվը, բարձրացել լեզվի իմացության մակարդակը: Երիտասարդներն ավելի հաճախ են շփվում իրենց վրացի հասակակիցների հետ, մասնակցում տարբեր միջոցառումների Վրաստանի այլ վայրերում: Շատ կարևոր է նաև այս առումով հայաբնակ շրջանների տեղական իշխանության մարմինների քաղաքականությունը: Այդ առումով ևս ներկայումս հետաքրքրական շրջան է, քանզի գալիք գարնանը Վրաստանում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
-Իմիջիայլոց, տարեսկզբին տեղական իշխանության մարմինն էր կարծես Ջավախքում հարց բարձրացրել հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ: Արդյո՞ք այդ գործընթացը հնարավոր է հասցնել դրական ավարտի:
-Այո, Ախալքալաքի մունիցիպալ շրջանային ժողովն էր դիմել Վրաստանի խորհրդարանին` առաջարկելով վավերացնել տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների մասին եվրոպական խարտիան:
Նախ, ասեմ, որ սա առաջին նմանատիպ դիմումը չէր: Դեռևս 2007 թվականի հունիսին նույն մարմինը նման խնդրով դիմել էր Նախագահին և խորհրդարանին: Այս փաստով իսկ, արդեն ակնհայտ է դառնում, որ խնդրի հապշտապ լուծում ակնկալելը, թերևս, պարզամտություն կլիներ: Վրաստանը դեռևս 1999 թ. Եվրոպայի խորհրդին անդամագրվելու ժամանակ, ստանձնել էր մեկ տարվա ընթացքում Եվրոպական խարտիան ստորագրելու և վավերացնելու պարտավորություն: Սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել և հարցն ինքնին բավական էմոցիոնալ է ընկալվում վրաց հասարակության տարբեր շերտերի կողմից: Հարկ է հիշել, որ այստեղ խոսքը ոչ միայն հայերենի կամ ադրբեջանցիների լեզվի խնդրին է վերաբերում: Հարցը Վրաստանում հատվում է նաև լեզու-բարբառ հարթության վրա: Տարածաշրջանային բարբառները համաձայն հիշատակված խարտիայի` պաշտպանության ենթակա չեն:
Հարկ է նշել, որ ինքնին խարտիան բավականին բարդ է իմպլեմենտացիայի տեսանկյունից, և այդ իրավիճակը արձանագրվել է մի շարք երկրներում: Վավերացումը վիճահարույց է եղել Ուկրաինայում: Լատվիայում և Էստոնիայում իշխանությունները կտրուկ հրաժարվել են վավերացումից, Ռուսաստանը թեև ստորագրել է այն, սակայն այդպես էլ չի վավերացրել:
Մեծ հաշվով, խնդիրը Վրաստանի ներքին խնդիրն է, պարտավորությունը` ապահովել ազգային փոքրամասնությունների իրավունքների արդյունավետ իրագործումը:
-Պարոն դեսպան, օրերս Հայաստանը Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի կողմից ստեղծված Մաքսային միությանում անդմակցության ուղղություն վերցրեց:
-Միության գլխավոր նպատակն իր անդամ պետությունների համար ընդհանուր մաքսային տարածություն ստեղծելն է, իսկ Հայաստանն ընդհանուր սահման ունի ոչ թե Մաքսային միությունում միավորված պետությունների, այլ Վրաստանի հետ, որը դեռևս կտրուկ հրաժարվում է նույնիսկ դիտարկել այդ միության մեջ մտնելու հնարավորությունը և մերձենում է Եվրամիության հետ:
-Արդյո՞ք չեք կարծում, որ Մաքսային միությանը Հայաստանի միավորվելը վնաս կհասցնի ՀՀ-ի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցությանը:
-Ես կարծում եմ, որ այդ առումով որոշ մեկնաբանների կողմից արտահայտվող մտավախությունները ուռճացված են: Տնտեսական սկզբունքով ստեղծվող միությունները կոչված են ո´չ թե վատթարացնելու, այլ բարելավելու համագործակցությունը հիմնական տնտեսական գործընկերների հետ:
Վրաստանը մեր համար կարևոր առևտրատնտեսական գործընկեր է: Վերջին երկու տասնամյակում այն մեզ համար «կյանքի ճանապարհ» է հանդիսանում: Բնականաբար, որևէ տնտեսական միավորումում մեր ստանձնած պարտավորություններով հանդերձ մենք մեր տնտեսական հարաբերությունները Վրաստանի հետ կկազմակերպենք այնպես, որ դրանք երբևէ չտուժեն: Ակնհայտ է, որ Հայաստանում ոչ ոք մտադիր չէ ինքն իրեն մաքսային «շրջափակման» ենթարկել:
Բացի այդ, թեև Վրաստանի վաճառահանման շուկան այն մասշտաբի չէ, ինչ Ռուսաստանինը, և նաև` մաքսային միության մնացյալ ամբողջ տարածքինը, բայց մեզ համար այն շատ կարևոր է, և մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել այդ շուկան, կամ, թեկուզ, զիջել այն նվաճումները, որոնք արդեն ձեռք ենք բերել այստեղ:
-Պարոն Մանուկյան, հայտնի հրապարակախոս Զորի Բալայանի նամակն ուղված ՌԴ նախագահին մեծ հասարակական արձագանք առաջացրեց: Ի՞նչ մեկնաբանություն Դուք ունեք այդ նամակի և նրանում առաջ քաշված գաղափարների վերաբերյալ:
-Նախ կասեմ, որ թերևս փաստագրության առումով նամակը խոցելի չէր: Վերլուծական մասը հեղինակի աշխարհաքաղաքական գնահատականներն են ու եզրահանգումները, որոնք կարող են քննարկման առարկա լինել: Ի դեպ, կարծում եմ ՌԴ նախագահին ուղղված բաց նամակը ո´չ պակաս ուղղված էր նաև հայ հասարակությանը: Երկրորդ, նամակի վերաբերյալ հասարակական արձագանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ բանավեճի մշակույթ, ալտերնատիվ կարծիք լսելու և ընկալելու փորձ կատարելու կարողություն մեր հասարակությունում դեռ չի ձևավորվել: Ավելին. անկեղծ ասած, նամակի մասին խոսողների մեծ մասն, իմ խորին համոզմամբ, այն չի էլ ընթերցել: Եվ վերջապես երրորդ, գաղափարների դաշտում ցանկացած շարժում ավելի լավ է, քան երկարատև լճացումը: Ինչ նոր, արտասովոր կամ հետաքրքիր (կամ թեկուզ որևէ էմոցիա ծնող) գաղափար է մեր հասարակությունում ի հայտ եկել վերջին տասնամյակում, հատկապես կարևորագույն աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից:
Թերևս Հայաստանի զարգացման, տարածաշրջանում և աշխարհում մեր դերի և գործառույթի, տարածաշրջանի հակամարտությունների (ոչ միայն Ղարաբաղյան) հանգուցալուծման վերաբերյալ, ես ունեմ իմ ինքնուրույն պատկերացումները, որոնք շատ հարցերում չեն համընկնում հայտնի նամակի հեղինակի տեսակետներին, սակայն դա ինձ չի խանգարել ուշադիր ընթերցել այն և փորձել, այնուամենայնիվ, հասկանալ կյանքի բավականին մեծ փորձ ունեցող մարդու մտահգությունները: