Պետք է գտնենք լուծումներ, որ հայ-վրացական հարաբերությունների վրա որևէ բացասական ազդեցություն չունենան
26.10.2013
- Պարոն Մանուկյան, արդեն շուրջ երեք տարի է` Դուք պաշտոնավարում եք Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում: Ինչպե՞ս եք գնահատում հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակը՝ հատկապես Վրաստանում նոր իշխանության պայմաններում, ինչպիսի՞ հեռանկարներ դրանք ունեն, և ի՞նչ ուղղություններով պետք է զարգացնել այդ հարաբերությունները:
- Հայ-վրացական հարաբերությունները թրծվել են բազում դարերի ընթացքում, և դրանց որակն ու մակարդակն արդեն, կարելի է ասել, չեն կարող կտրուկ փոփոխության ենթարկվել երկրներից որևէ մեկում քաղաքական կոնյունկտուրայի փոփոխության հետևանքով: Վրաստանը մեր կարևոր արտաքին քաղաքական գործընկերն է, և մեր հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան: Մեր քաղաքական երկխոսության ձևավորված մակարդակը թույլ է տալիս քննարկել ցանկացած հարց՝ անկախ դրա բարդությունից, անկախ մեր արտաքին քաղաքական վեկտորների զանազանությունից, անկախ տարածաշրջանային աշխարհաքաղաքական նախընտրությունների և շահերի համադրելիության աստիճանից:
Հարաբերությունների այս որակը հեշտ չի տրվել: Դա երկուստեք ամենօրյա տքնաջան և շահագրգիռ աշխատանքի արդյունք է: Միաժամանակ, չի կարելի ասել, որ բոլոր հարցերը լուծված են: Մեր երկկողմ օրակարգը միշտ հագեցած է, հագեցած է կարևոր և ոչ միշտ դյուրին լուծումներ պահանջող հարցերով: Մասնավորապես, մենք պետք է մոտ ապագայում լուծենք միմյանց տարածքում առկա հոգևոր և մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության հարցերը, պետք է փորձենք մեր վրաց գործընկերների հետ միասին նպաստել Վրաստանի հայ համայնքի համար կրթամշակութային այնպիսի մակարդակ ապահովելուն, որը հնարավորություն կտա մեր ազգակիցներին պահպանել ազգային ինքնությունն ու նկարագիրը, պետք է փորձենք մեր հասարակությունների և հատկապես մեր երիտասարդ սերունդների, մեր հոգևոր իշխանությունների միջև ապահովել ընկալելի երկխոսություն, պետք է աշխատենք մերձեցնել մեր շուկաներն ու տնտեսությունը:
- Պարոն դեսպան, որպես Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար՝ ինչպե՞ս ընդունեցիք սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի ՄՄ անդամակցության հայտարարությունը: ՄՄ-ին անդամակցելու դեպքում արդյոք չե՞ն բարդանա Վրաստան-Հայաստան հարաբերությունները: Ի՞նչ վտանգներ եք տեսնում երկու երկրների ապագա հարաբերություններում:
- Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում և իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը: Բնականաբար, երկրի քաղաքական ղեկավարության և հատկապես երկրի նախագահի քաղաքական հայտարարությունը կամ որոշումը, որպես բարձրաստիճան դիվանագետ, պիտի ընդունեի որպես քաղաքական կուրս:
Ինչ վերաբերում է Հայաստան-Վրաստան հարաբերություններին և դրանց հեռանկարին` Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամագրության պայմաններում, ապա կասեմ հետևյալը. բնականաբար, որպես Վրաստանում Հայաստանի դեսպան՝ ինձ համար շատ կարևոր է ցանկացած քայլ կամ իրադարձություն, որը կարող է ազդեցություն գործել մեր երկկողմ հարաբերությունների վրա: Սակայն միաժամանակ, որպես բարձրաստիճան պաշտոնյա և Հայաստանի քաղաքացի, վստահ եմ, որ մեր երկրի ցանկացած էական որոշում առաջնահերթորեն պետք է բխի մեր ազգային շահերից, թելադրված լինի մեր պետության անվտանգության և ժողովրդի բարեկեցության անհրաժեշտությամբ: Պարզապես, ցանկացած իրավիճակում և պայմաններում, հաշվի առնելով մեր բարեկամ երկիր Վրաստանի հետ հարաբերությունների կարևորությունը, պետք է գտնենք լուծումներ, որոնք որևէ տեսակի նեգատիվ չեն բերի հայ-վրացական տնտեսական կամ այլ հարաբերություններին… Եվ, որ ոչ պակաս կարևոր է, Վրաստանի վաճառահանման շուկան, թեև այն մասշտաբի չէ, ինչ Ռուսաստանինը, բայց մեզ համար շատ կարևոր է, և մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ՝ թուլացնելու մեր ներկայությունն այդ շուկայում:
- Հայաստանի տնտեսության ազատականացման համար արդյոք ԵՄ ասոցացման պայմանագիրը հեռանկարային չէ՞ր: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հրաժարվեց Հայաստանը ասոցացումից: Արդյոք նախագահի հիմնավորումները համոզի՞չ էին:
- Երկրի նախագահի գործողություններին կամ հիմնավորումներին գնահատական տալը դիվանագիտական էթիկայի, պետական ծառայողի էթիկայի սահմաններից դուրս է, և, բնականաբար, ես չեմ կարող և իրավասու չեմ նման գնահատական տալու: Երկրորդ՝ Հայաստանը ասոցացումից չի հրաժարվել: Եվրոպական միությունը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է: Մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում լայնածավալ բարեփոխումները Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների առանցքն են: Հայաստանը նպատակադրված է շարունակելու համակողմանի փոխշահավետ գործակցությունը Եվրոպական միության հետ… Այս մասին հայտարարեց նաև նախագահը ԵԽԽՎ նստաշրջանում: Ինչ վերաբերում է տնտեսության ազատականացմանը, ապա դա մեր պարտավորությունն է՝ անկախ որևէ տնտեսական կամ քաղաքական միավորման միանալու հանգամանքից: Հանրային շահերի պաշտպանության տեսանկյունից տնտեսության ազատականության արդյունավետ և թույլատրելի սահմանները գծագրված են նույնիսկ մեր երկրի հիմնական օրենքում:
Ազատականացումը ինքնանպատակ չէ, այն կոչված է ստեղծելու լավագույն պայմաններ տնտեսության զարգացման համար… Այսինքն՝ նպատակը տնտեսության զարգացումն է, և եթե, օրինակ, Մաքսային միությունը մեր երկրի տնտեսության զարգացման համար կարող է ստեղծել առավել նպաստավոր պայմաններ, ապա դա պետք է լինի որոշման գնահատման չափանիշը: Ահավասիկ, մեր արտահանման 1/3-ը բաժին է հասնում ՌԴ-ին: Դա հիմնականում գյուղատնտեսական ապրանքներն ու դրա վերամշակած արդյունքներն են: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի հարված կարող է ստանալ տնտեսությունը, եթե արտահանման գործընթացը բարդանա տեխնիկական կանոնակարգերի անհամապատասխանության պատճառով: Բացի դրանից՝ անհրաժեշտ է հաշվի առնել նաև Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը, որն ամրապնդված է երկու երկրների միասնական պաշտպանական միավորմանն անդամակցությամբ: Հարցն առնչվում է նաև էներգետիկ անվտանգության ամրապնդմանը և այնպիսի խնդիրներին, որոնք կապված են էներգակիրների մատակարարման հետ:
- Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշում է, որ վերջին տարիներին Հայաստանից շուրջ 200 գործարար է բիզնես հիմնել հարևան Վրաստանում: Ունե՞ք նման վիճակագրություն, և ինչո՞վ եք պայմանավորում Վրաստանում հայ գործարարների բիզնես ներդնելը:
- Հայաստանի դեսպանությունը, ցավոք, չի կարող նման վիճակագրություն վարել մի պարզ պատճառով. այդ գործարարներն ու առևտրային կազմակերպությունները չեն տրամադրում մեզ նման տեղեկատվություն, կամ նրանց տնտեսական ակտիվությունը որևէ ձևով չի արձանգրվում մեզ մոտ: Նրանք չունեն նման պարտավորություն: Սակայն Վրացական պաշտոնական աղբյուրները ևս մոտավորապես այդպիսի թիվ են ներկայացնում… Բայց մի բան անհրաժեշտ է նկատի ունենալ. բիզնես հիմնելը և առևտրային կազմակերպություն գրանցելը տարբեր բաներ են: Մեր ունեցած տեղեկություններով՝ հայաստանյան ծագմամբ գրանցված առևտրային կազմակերպությունների շատ փոքր մասն է այսօր իրապես գործում վրաստանյան շուկայում: Մեծ հաշվով, հայկական բիզնեսի՝ Վրաստանի ուղղությամբ էքսպանսիայի հիմնական պատճառը նրա աճն է և դրանից բխող նոր շուկաներ ձեռք բերելու պահանջը… Ես սա բնականոն և ողջունելի գործընթաց եմ համարում…
- Վերջին տարիներին շատ ենք խոսում Վրաստանի առաջընթացի, տնտեսության ճիշտ կազմակերպման մասին: Այս առումով ի՞նչ ունի Հայաստանը սովորելու Վրաստանից:
- Վրաստանի տնտեսական առաջընթացը կապված է բիզնեսի իրականացման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու հետ… Անցկացված ինստիտուցիոնալ տնտեսական բարեփոխումների շնորհիվ հաջողվեց միանգամից երկու նապաստակ որսալ՝ պարզեցնել բիզնեսի գրանցման ու վարման կանոնները և սանձահարել բյուրոկրատական կոռուպցիան այս բնագավառում…
Մասնավորապես, այստեղ հարկերի քանակը 21-ից նվազեցվել է 6-ի… Հնարավորինս պարզեցվել է հարկային վարչարարությունը… Հարկերի մեծ մասը կարելի է վճարել օնլայն ռեժիմով… Համանման փոփոխություններ կատարվեցին մաքսային բնագավառում, որտեղ սակագների դրույքաչափերի քանակը 16-ից նվազեցվել է մինչև 3… Իսկ ներմուծողն այժմ 52 փաստաթղթերի փոխարեն ներկայացնում է ընդամենը 2-ը… Այնպես որ, Վրաստանի բարեփոխումների հաջողության գլխավոր դասն այն է, որ հաջողության համար նորից «հեծանիվ» հորինելու հարկ չկա, և բարեփոխումների հիմքում պետք է լինի բիզնեսի համար նպաստավոր և պարզ կանոնների հաստատումը… Այնուամենայնիվ, պատմությունը, որպես խիստ, բայց արդար դատավոր, իր անբեկանելի գնահատականն է դնում: Եվ այդ համատեքստում կարծես մեր հարևանների մոտ ևս ամեն ինչ չէ, որ կատարյալ է եղել:
- Պարոն Մանուկյան, հայ համայնքում ո՞ր խնդիրներն են, որ այս պահին թվում են անլուծելի:
- Ինձ համար ընդհանրապես չկա «անլուծելի խնդիր» եզրույթ… Յուրաքանչյուր խնդիր լուծելի է, եթե այն ճիշտ է ձևակերպված, կա այն լուծելու ցանկություն և կամք… Համոզված եմ, որ այդ սկզբունքը կիրառելի է նաև Վրաստանի հայ համայնքում առկա հիմնախնդիրների դեպքում… Որպես հիմնական ինստիտուցիոնալ խնդիր կուզեի նշել Վրաստանում համայնքային հիմնախնդիրների սահմանման և դրանց լուծման ուղիների վերաբերյալ քննարկումների հարթակ ձևավորելու հարցը: Ցավոք, շահերի բախումն ու քաղաքակիրթ երկխոսության մշակույթի ձևավորված չլինելը բարդացնում է խնդիրը: Բայց այս ուղղությամբ մենք աշխատում ենք: Կարևոր խնդիր է համայնքի համար ազգային ինքնության պահպանության բավարար պայմանների ապահովման հարցը: Դա մշակութային հաղորդակցությունն է պատմական հայրենիքի հետ, լեզուն և ազգային դպրոցը: Եվ, բնականաբար, մեր ազգակիցների հոգևոր կյանքում իր ուրույն և անփոխարինելի տեղն ունի Հայ Առաքելական եկեղեցին, որի գործունեությունը ևս կարևորագույն գործիք է ազգապահպանության տեսակետից: Այս հարցերում մեր աջակցությունը հայ համայնքին պետք է լինի անընդհատ, թիրախային, ակտուալ և հեռանկարային:
Մի խնդրի ևս կուզեի անդրադառնալ: Դա համայնքի դերն է ներսից: Մենք միշտ նայում ենք մեր համայնքներին Հայաստանից, մեր զանգակատնից: Իսկ ներսից, որպես տվյալ երկրի ազգային համայնք, որպես այդ երկրի հասարակության ինստիտուտ, կարևորությունը երբեմն նկատելի չէ: Այս առումով հայության ներգրավվածությունը Վրաստանի հասարակական և քաղաքական կյանքում համարժեք չէ ո՛չ ազգաբնակչության թվակազմին, ո՛չ հայության ունեցած ներդրմանը: Մի պարզ օրինակ բերեմ. Թբիլիսիում ավելի քան 100 հազար հայեր ունենք, իսկ քաղաքային խորհրդում չկա որևէ հայազգի ներկայացուցիչ:
- Հաջորդ հարցը Վրաստանում հայկական եկեղեցիների կարգավիճակին է վերաբերում: Վրաստանի հայկական եկեղեցիների պահպանությունն ու դրանք Վիրահայոց թեմին վերադարձնելու հարցերը երկու տարի առաջ երկու կաթողիկոսների կողմից քննարկվեցին, սակայն կարծես թե զգալի տեղաշարժ չկա: Որևէ փոփոխություն կա՞ այս ուղղությամբ:
- Հարցն, իհարկե, բարդ է, այն չի վերաբերում զուտ մի քանի եկեղեցիների վերադարձման խնդրին: Սա հարցի նկատմամբ մեխանիկական մոտեցում է: Խնդիրն ավելի խորքային է, ունի պատմական պատճառներ, առնչվում է մեր հարաբերությունների, այդ թվում` նաև միջեկեղեցական հարաբերությունների խորքային շերտերին: Սակայն սա չի նշանակում, որ խնդիրը լուծելի չէ: Սա չի նշանակում, որ մենք չպետք է կարևորենք հարցը և առավելագույն ջանքեր չգործադրենք դրա լուծման համար: Միանշանակ, մենք պետք է հանենք այս հարցը մեր երկու ժողովուրդների օրակարգից, թույլ չտանք, որ այն խանգարի մեր հարաբերությունների հետագա ամրապնդմանը, չթողնենք այն երրորդ ուժերին որպես մեր միջև լարվածություն ստեղծելու գործիք: Այս դեպքում հարցը կախված է միայն ժամանակից և ողջամիտ փոխզիջումներից… Իսկ դրանց արդյունավետ լուծմանը կարելի է հասնել հիմնարար ճանապարհով` բարելավելով և խորացնելով հարաբերությունները մեր ժողովուրդների, մեր պետությունների և մեր եկեղեցիների միջև: Իսկ մենք մեր ամենօրյա աշխատանքն ենք շարունակում հայկական եկեղեցիները Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ մեր հայրենակիցներին վերադարձնելու ուղղությամբ՝ որպես Վրաստանում հայ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության գլխավոր ուղղություններից մեկը…
Կարելի է ասել, որ վրացական նոր իշխանությունները, այդ թվում՝ անձամբ Վրաստանի ներկա վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ըմբռնումով են մոտենում այդ իղձերին… Շատ ավելի բծախնդիր մոտեցում է դրսևորում Վրաստանի պատրիարքարանը… Երկխոսությունը մեր հիմնական զինակիցն է այս կարևոր խնդրի լուծման ճանապարհին:
- Պարոն Մանուկյան, կիրակի օրը Վրաստանում նախագահական ընտրություններ են: Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ասում է, որ Սամցխե-Ջավախքը միակ շրջանն է, որտեղ, ըստ նախնական հարցումների, Դավիթ Բաքրաձեն հաղթում է Գեորգի Մարգվելաշվիլիին: Հայերի համակրանքը իսկապե՞ս Դավիթ Բաքրաձեի կողմն է:
- Ձեր հարցն ինձ հիշեցրեց մի շատ հաջողված աֆորիզմ սոցիոլոգիայի կամ հասարակական կարծիքի վերլուծության մասին: Հասարակական կարծիքը նման է հնադարյան ամրոցում շրջող ուրվականի` ոչ ոք նրան չի տեսել, բայց նրանով վախեցնում են բոլորին: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ես վստահ եմ, որ Ջավախքի տարածաշրջանում բնակվող մեր ազգակիցները, որպես Վրաստանի լավագույն հայրենասեր քաղաքացիներ, իրենց քվեն կտան այն թեկնածուին, որը նպաստելու է Վրաստանի կայունությանն ու ժողովրդի բարեկեցության բարձրացմանը, որն ականջալուր է լինելու հասարակության բոլոր շերտերի, այդ թվում՝ ազգային համայնքների իղձերին և պահանջմունքներին:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը