Նախարարն ասում է ՝ օպտիմալացման արդյունքում կրճատում չի լինելու
15.11.2014

Կառավարման համակարգի օպտիմալացումը, նախարարությունների միավորումները տագնապ են առաջացրել քաղծառայողների շրջանում: Գործազրկության վախը պատել է միջին ու ցածր օղակներին: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին հարցեր էինք ուղղել օպտիմալացման պատճառների ու հետեւանքների վերաբերյալ: Նախարարը գրավոր պատասխանել է մեր հարցերին:
- Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների օպտիմալացման արդյունքում հաշվարկե՞լ եք կրճատվող հաստիքների քանակը: Քանի՞ հաստիք է կրճատվելու: Կրճատվողներին աշխատանքի տեղավորելու մասին հոգալո՞ւ է կառավարությունը, թե՞ նրանք համալրելու են գործազուրկների շարքերը:
- Հաստիքների կրճատման հարց այս պահին դրված չէ: Այդ իսկ պատճառով ուզում եմ փարատել հնարավոր գործազրկության մասին մտահոգությունները:
- Եթե իսկապես օպտիմալացումը պետական միջոցների խնայելուն է միտված, ապա ինչո՞ւ է ստեղծվում նոր գերատեսչություն, ի վերջո, չի՞ նվազելու գերատեսչությունների քանակը: Հնարավոր չէ՞ր ստեղծվելիք նախարարությունը՝ միջազգային ինտեգրացիայի, վարչության տեսքով ընդգրկել էկոնոմիկայի նախարարության կազմում:
- Նոր ստեղծվող նախարարությունն ունենալու է փոքրաթիվ աշխատակազմ, եւ դա չի լինելու նախարարություն՝ մեր պատկերացմամբ, դրա «դասական» իմաստով: Նոր նախարարություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված է նախ աշխատանքի ծավալով եւ առանձնահատկություններով, եւ երկրորդ, այս նախարարությունն ունենալու է համակարգման գործառույթներ՝ համապատասխան գործընթացներից բխող բարեփոխումների իրականացման տեսանկյունից, ինչն օբյեկտիվորեն չեն կարող անել ոլորտային նախարարությունները:
- Նախարարությունների միավորումից հետո աշխատանքի արդյունավետությունը հատկապես ո՞ր մասով է աճելու: Ի՞նչ խնդիրներ էին ծագում, երբ գերատեսչություններն առանձին էին, եւ ո՞ր խնդիրները կհարթվեն դրանց միավորման արդյունքում:
- Ինչ վերաբերում է նախարարությունների միավորմանը, ապա դա գործառութային միավորում է: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իրականացնում է գործառույթներ արտակարգ իրավիճակների, սեյսմիկ պաշտպանության, հիդրոօդերեւութաբանության եւ այլ բնագավառներում: Նախկինում այդ գործառույթների մի մասը, մասնավորապես փրկարար ծառայությունը, որպես գործառույթ, սաղմնավորվել եւ իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության համակարգում, հետեւաբար, այդ նախարարությունների միացման արդյունքում կապահովվի էլ ավելի արդյունավետ կառավարման համակարգ՝ իր առջեւ դրված հստակ նպատակներով եւ խնդիրներով: Բացի դա, տարածքային կառավարման նախարարության հիմնական գործառույթներից մեկը՝ տարածքային քաղաքականության մշակումը, ուղղակիորեն առնչվում է աղետների ռիսկերի գնահատման գործառույթի հետ, ինչը ներկայում արտակարգ իրավիճակների նախարարության պատասխանատվության դաշտն է:
- Կա՞ առաջիկայում այլ գերատեսչությունների միավորման ծրագիր, օրինակ` առողջապահության ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ափյուռքի եւ մշակույթի, բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարությունների:
- Այս պահին նման հարց ՀՀ կառավարության օրակարգում չկա:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը