Ինչու՞ եք կարծում, որ Ձեր երկրի արդարադատության նախկին նախարարը նման պրիմիտիվ խնդրանքներով կարող է դիմել Ձմեռ Պապին
24.12.2015

Xnews.am-ի ամանորյա բլից- հարցազրույցը` ՀՀ Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ:
Պարոն Մանուկյան, այս տարվա գլխավոր ձեռքբերումը, եւ բացթողումը Ձեր կարծիքով:
-Անցնող տարին ձեռքբերումներով հարուստ չէր: Ընդհակառակը, մարդկային անհանդուրժողականության հետևանքով կորուստների հանգեցրած խոշոր բացթողումներն էին շատ թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանում, թե՛ ընդհանրապես աշխարհում: Որպես ձեռքբերում այնուամենայնիվ կնշեի Հունական ճգնաժամի հետևանքով եվրոպական մշակութային-հոգևոր և տնտեսա-քաղաքական միասնական հանրույթի կազմաքանդման վտանգից խուսափելը: Եվրոպան իր մշակութաբանական էությամբ մարդկության պատմության ընթացքում արձանագրված խոշորագույն արժեքներից է, իսկ դրա գոյությունը՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից կարևորագույն ստաբիլիզացնող գործոն:
Նոր տարի, նոր սպասելիքներ, որպես նախկին նախարար 2016 թվականին պաշտոնի ակնկալիք ունե՞ք:
-Պաշտոնն ընդամենը գործիք է: Ունեմ ակնկալիք գաղափարներս կյանքի կոչելու, օգտակար լինելու տարբեր ոլորտներում, որտեղ փորձս ու գիտելիքներս կիրառելի կլինեն և պիտանի: Ի դեպ, դա միայն պետական ծառայությանը չի վերաբերվում: Ակնկալիքներս շատ են և վերաբերվում են թե՛ անձնական, թե՛ գործնական ոլորտների: Ավելի կոնկրետ ակնկալիքների կանդրադառնամ 2016-ին, իրադարձություններ արագացնելը լավագույն զբաղմունքը չէ:
Ձմեռ պապիկից, երբեւէ նախարարական պորտֆել ուզել ե՞ք:
-Ինչու՞ եք կարծում որ Ձեր երկրի արդարադատության նախկին նախարարը նման պրիմիտիվ խնդրանքներով կարող է դիմել Ձմեռ Պապին: Առավել ևս փորձը ցույց է տալիս, որ նման խնդրանքի ճիշտ հասցեն Լապլանդիան չէ… Ձմեռ պապից ավելի կարևոր բաներ է պետք խնդրել: Իսկ եթե ավելի լուրջ, ապա նախարարական պորտֆելը կյանքիս երազանքը չէ, առավել ևս ժամանակին պաշտոնավարել եմ շատ ավելի ծանրակշիռ և հետաքրքիր պաշտոններում:
Ինչ կփոխվեր Ձեր կյանքում, եթե Ձմեռ պապը ընդդիմադիր լիներ:
-Կարևորը, որ Ձյունանուշն ընդդիմադիր չլինի: Ձյունանուշների ընդդիմությունը հաղթահարելը որպես կանոն շատ ավելի բարդ է …
Ամանորյա հրաշքին հավատում ե՞ք:
-Ես հավատում եմ նախաաամանորյա, ամանորյա և հետամանորյա հրաշքներին: Յուրաքանչյուրս ունակ ենք հրաշք գործելու, պարզապես պետք է շատ ցանկանալ և հավատալ սեփական ուժերին:
Ինչ կփոխեիք Ձեր կյանքում, եթե հնարավորություն ունենայիք մեկ տարով ետ տալ ժամանակը:
-Ոչինչ: Սա իմ կյանքն է: Ապրածս որևէ օրվա համար չեմ զղջում:
Ում համար կնախընտրեիք լինել Ձմեռ պապ:
-Բոլոր այն երեխաների, ովքեր կյանքի դժվարություններից ելնելով դեռ շատ մանուկ հասակից դադարել են հավատալ Ձմեռ Պապի գոյությանը: Իսկ իմ ամենասիրելի մարդկանց համար ես միշտ էլ Ձմեռ Պապ եմ:
Ձեր մաղթանքը հայ ժողովրդին Ամանորի կապակցությամբ:
-Դադարենք հուսահատ անելանելիության ընկճախտով տառապելը, մեր պրոբլեմների մեջ ուրիշներին մեղադրելը, մեր առջև ծառացած մարտահրավերների լուծման ակնկալիքով այլոց հույսով լի հայացքով նայելը … Առողջ եղեք:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը