Ընդունել է վճռաբեկ դատարանի նախագահը
21.11.2007
Երեկ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ներկայացուցչության (ԵԱՀԿ) գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին։
Հանդիպման ընթացքում վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումները՝ մասնավորապես 2005 թվականի սահմանադրական բարեփոխումները, որոնք երկու հիմնական եւ կարեւոր փոփոխություններ նախատեսեցին երկրի դատական համակարգում։ Ինչպես նշեց Հովհաննես Մանուկյանը, փոփոխություններից առաջինն այն էր, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրվեց վճռաբեկ դատարանի դերը՝ որպես բարձրագույն դատական ատյանի, որը կոչված է ապահովելու օրենքների միատեսակ կիրառությունը։ Երկրորդ կարեւորագույն փոփոխությունը կապված էր արդարադատության խորհրդի հետ, որը վերաբերում էր թե՛ խորհրդի լիազորությունների ծավալին եւ թե՛ նրա կազմին։ Պարոն Մանուկյանի խոսքերով՝ այսօր արդարադատության խորհուրդն, ըստ էության, ամբողջությամբ կազմված է դատավորներից, եւ այսուհետ խորհրդի կողմից կայացված որեւէ որոշման համար ամբողջովին պատասխանատու են հենց դատավորները եւ դատական համակարգը։
Վճռաբեկ դատարանի նախագահն անդրադարձավ նաեւ փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել սահմանադրական արդարադատության ոլորտում, մասնավորապես այն սուբյեկտների շրջանակի ընդլայնմանը, ովքեր Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան դիմելու իրավունք են ձեռք բերել։
Պարոն Սերգեյ Կապինոսն իր հերթին նշեց, որ ուշադրությամբ հետեւում է Հայաստանում ընթացող զարգացումներին, եւ որ դրանք առավել հետաքրքիր են այն առումով, որ ավարտվել են խորհրդարանական եւ մոտենում են նախագահական ընտրությունները։ Դեսպանի գնահատականով՝ հայաստանյան իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում օրենսդրական դաշտի կատարելագործմանը, մասնավորապես՝ ընտրական իրավունքի հետ կապված։ Նա նշեց, որ տեղյակ է այն փոփոխություններին, որոնք կատարվել եւ կատարվում են ընտրական եւ վարչական օրենսդրական դաշտում, ինչպես նաեւ դատաիրավական ոլորտում։
Հանդիպման ավարտին պարոն Կապինոսը պատրաստակամություն հայտնեց համագործակցելու առկա այնպիսի ուղղությունների եւ ծրագրերի շրջանակներում, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ժողովրդավարական կառավարմանը եւ կոչված են աջակցելու հայաստանյան իշխանություններին՝ օրենսդրական համակարգի կատարելագործման, դատական իշխանության մարմինների անկախության ամրապնդման, ինչպես նաեւ իշխանությունների տարանջատման ապահովման գործընթացներում։
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը