ԵԱՀԿ-ն պատրաստ է համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ՝ երկրում ժողովրդավարության ամրապնդման գործում
21.11.2007
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը պատրաստ է համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ՝ երկրում ժողովրդավարության ամրապնդման գործում։
Այս մասին երեքշաբթի հայտարարել է Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը՝ Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ։
«Հանդիպման ժամանակ Կապինոսը պատրաստակամություն է հայտնել համագործակցել առկա այնպիսի ուղղությունների և ծրագրերի շրջանակներում, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ժողովրդավարական կառավարմանը և կոչված են աջակցելու հայաստանյան իշխանություններին օրենսդրական համակարգի կատարելագործման, դատական իշխանության մարմինների անկախության ամրապնդման, ինչպես նաև իշխանությունների տարանջատման ապահովման գործընթացներին»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը։
Կապինոսը նշել է, որ հայաստանյան իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում օրենսդրական դաշտի կատարելագործմանը, մասնավորապես՝ ընտրական իրավունքի հետ կապված։
Նա նշել է նաև, որ տեղյակ է այն փոփոխություններին, որոնք կատարվել և կատարվում են ընտրական և վարչական օրենսդրական դաշտում, ինչպես նաև դատաիրավական ոլորտում։
Սերգեյ Կապինոսը նշել է, որ ուշադրությամբ հետևում է Հայաստանում ընթացող զարգացումներին, և որ դրանք առավել հետաքրքիր են այն առումով, որ ավարտվել են խորհրդարանական և մոտենում են նախագահական ընտրությունները։
Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահն իր հերթին ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները՝ մասնավորապես 2005 թվականի սահմանադրական բարեփոխումները, որոնք երկու հիմնական և կարևոր փոփոխություններ նախատեսեցին երկրի դատական համակարգում։
Ինչպես նշել է Հովհաննես Մանուկյանը, փոփոխություններից առաջինն այն էր, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրվեց Վճռաբեկ դատարանի դերը՝ որպես բարձրագույն դատական ատյանի, որը կոչված է ապահովելու օրենքների միատեսակ կիրառությունը։
«Երկրորդ կարևորագույն փոփոխությունը կապված էր Արդարադատության խորհրդի հետ, որը վերաբերում էր թե՛ խորհրդի լիազորությունների ծավալին և թե՛ նրա կազմին»,- ասել է Վճռաբեկ դատարանի ղեկավարը։
Մանուկյանի խոսքերով, այսօր Արդարադատության խորհուրդն, ըստ էության, ամբողջությամբ կազմված է դատավորներից, և այսուհետ Խորհրդի կողմից կայացված որևէ որոշման համար ամբողջովին պատասխանատու են հենց դատավորները և դատական համակարգը։
Վճռաբեկ դատարանի նախագահն անդրադարձե է նաև փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել սահմանադրական արդարադատության ոլորտում, մասնավորապես այն սուբյեկտների շրջանակի ընդլայնմանը, ովքեր Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան դիմելու իրավունք են ձեռք բերել։
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը