Ողջույն
17.09.2010
Անկեղծորեն ասեմ, որ իմ մտերիմներն ու ընկերներն ինձ որոշ հարցերում առաջամարտիկի դեր են վերագրում։ Չգիտեմ` լավ է դա թե ոչ։ Առաջամարտիկ լինելը թեև պատվաբեր է, բայց ոչ միշտ ձեռնտու։ Սակայն, թերևս, այս հարցում առաջինը լինելը կարծես իրոք ինձ է վիճակված։ Ստացվում է այնպես, որ ես առաջին հայ պաշտոնաթող դատավորն եմ և առաջիններից մեկը` նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից, ով որոշել է ինտերնետային ներկայություն ապահովել։ Այս նախաձեռնությունն իր ձևի և ժամանակի մեջ չի հետապնդում քաղաքական, անձնական կամ այլ բնույթի որևէ շահ։ Պարզապես համոզված եմ, որ քաղաքացիական դիրքորոշում ունեցող, երկրի զարգացմամբ մտահոգ և փորձառություն ունեցող անհատն իրավունք չունի լռելու, իր գաղափարները չհրապարակելու, հասարակական բանավեճին չմասնակցելու, իսկ հաճախ նաև` նման բանավեճ չնախաձեռնելու։ Հասարակական կարծիք ձևավորողն ու հասարակական գիտակցությունն ուղղորդողը միայն իշխանությունը կամ ընդդիմությունը չէ որ պետք է լինեն, այլ նախևառաջ` մտավորականությունը։
Այժմ մի քանի խոսք անցյալի թեման ամփոփելու նպատակով։ Ուղիղ երկու տարի առաջ ես հեռացա ՀՀ Վճռաբեկ դատարանի Նախագահի պաշտոնից։ Հնարավոր պատճառները շատ են քննարկվել, հնչել են բազում կարծիքներ և վերլուծություններ։ Մինչ օրս լրատվամիջոցներից և առանձին անձանցից այդ հարցի շուրջ ստանում եմ հարցումներ, որոնց հիմնական մասը, ցավոք, արվում է որոշակի պատասխանի ակնկալիքով։ Ցանկանում եմ վերջակետ դնել այս հարցում բրիտանացի հայտնի պետական գործիչ Ռեջինալդ Մոդլինգի հանճարեղ խոսքերով. Յուրաքանչյուր մարդու կյանքում վրա է հասնում մի պահ, երբ նա ստիպված է լինում ճանապարհը զիջել առավել տարիքավորներին։
Իսկ այս կայքի միջոցով ես ակնկալում եմ անկեղծ ինտելեկտուալ շփում։ Իմ մտքերն ու դատողությունները պարբերաբար կներկայացնեմ Ձեր դատին։ Հաճույքով կպատասխանեմ Ձեր հարցերին, դրանով իսկ փորձելով ոչ միայն օգտակար լինել Ձեզ հուզող հարցերին պատասխանելով, այլև ստանալ Ձեր արձագանքներն ու կարծիքները կայքում հրապարակվող իմ տեսակետների և դիրքորոշման մասին։ Ձեր կարծիքն ինձ շատ կարևոր է։
Ինտերնետային ներկայությունն իմ անկեղծ է լինելու և` առանց սեթևեթանքի։ Հուսով եմ` ներկայությունն այդ ավելորդ չի լինի։
Հովհաննես Մանուկյան
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը