Արդարադատության նախարարն արձագանքում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցին
20.03.2015

Դատական բարձր ատյանները միջամտում են ցածր ատյանների դատավորների աշխատանքին, վերջին զեկույցում այս մտահոգությունն էր հայտնել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը: Հանձնակատարը մասնավորապես ընդգծել է, որ դատավորներին պետք է թույլատրել դատական ակտերը կայացնել անկախ ու մշակել արդյունավետ մեխանիզմներ անհարկի միջամտության դեպքերին արձագանքելու համար: Արձագանքելով այս թեմային՝ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ փաստեր չկան:
«Նման խոսակցություններ եղել են, հիշում եք, որ մարդու իրավունքների պաշտպանը նման հարցադրումներ արեց, խոսակցություններ գնացին այն մասին, որ կոնկրետ փաստեր, որևէ կոնկրետ գործով չկա: Ես առավել ևս, որպես արդարադատության նախարար, դրա վերաբերյալ կդժվարանամ որևէ բան ասել», - ասաց Հովհաննես Մանուկյանը:
Փաստաբան Լուսինե Սահակյանը իր աշխատանքային երկարատև պրակտիկայի ընթացքում եկել է այն եզրահանգման, որ Հայաստանում եռաստիճան դատական համակարգը ձևական բնույթ է կրում, որովհետև ըստ նրա, առաջին ատյանի դատարանն ի սկզբանե դատական ակտը կայացնում է համաձայնեցնելով վերադաս ատյանների՝ մասնավորապես Վճռաբեկ դատարանի հետ:
«եվ դա է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունում վերադաս դատական ատյանները գրեթե չեն վերանայում ստորադաս դատական ատյանների ակտը: Եթե նույնիսկ լինում են վերանայումներ, ապա դրանց քանակը այնքան քիչ է, որ իրականում չենք կարող խոսել այն մասին, որ իրական դատական ատյաններ կան», - նշեց Լուսինե Սահակյանը:
Փաստեր պահանջող արդարադատության նախարարին իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հիշեցնում է, որ միջազգային որևէ կազմակերպություն առանց փաստական տվյալի բառ անգամ չի գրում իր զեկույցում: Իրավապաշտպանը ոլորտի անկատարության ապացույցն է համարում այն, որ Դատական դեպարտամենտը վերջերս լավագույնն է ճանաչել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, որտեղքննվել է նաև Սյունիքի մարզպետի տան բակում տեղի ունեցած սպանության գործը:
«Մի դատարան, որտեղ հենց մարզպետի տան մոտ միջադեպի կապակցությամբ գործն էր քննվում, նաև Ղարաբաղում զոհված զինվորների գործերը քննվում են Սյունիքի մարզում․․․ Բոլորը կոծկվում են, և այդ դատարանը ճանաչվել է լավագույն դատարան», - ընդգծեց իրավապաշտպանը:
Հանձնակատարին մտահոգած մյուս հանգամանքը, որ որպես խափանման միջոց մինչդատական կալանքը Հայաստանում հաճախակի է կիրառվում, արդարադատության նախարարին ծանոթ խնդիր է: «Օրենքի անկատարության պատճառ է սա», - ասում է նախարար Հովհաննես Մանուկյանն ու վստահեցնում, որ այն շտկելու համար, Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծն այս պահին գտնվում է ԱԺ-ում:
«Սա երկու պատճառ ունի, առաջինը մեր օրենսդրության անկատարություն է, որ մենք առաջիկայում պատրաստվում ենք լուծել՝ Քրեական դատավարության օրենսդրությունը ընդունելով: Ունենք նաև պրակտիկայի պրոբլեմ, և կարծում եմ, որ էստեղ դատական համակարգը իսկապես խնդիրներ ունի», - նշեց արդարադատության նախարարը:
Միայն օրենքի անկատարությամբ խնդիրը մեկնաբանելն, ըստ իրավապաշտպանի, նախարարի կողմից պատասխանից խուսափելու տարբերակ է: Իրավապաշտպանը փաստեր է հիշեցնում նախարարին, թե ինչպես է, օրինակ, դերասան Վարդան Պետրոսյանը մինչև դատարանի որոշումը մեկ տարուց ավելի մնացել կալանքի տակ, և թե ինչպես են 2 տարի շարունակ, կաշառք տալու կասկածով Գորիսի բանտում մինչդատական կալանքի տակ պահվել Հակոբ Թուսունյանն իր որդիների հետ․ - «Որպեսզի ստիպեին, որ ցանկալի ցուցմունքներ տային և ասեին, որ նա կաշառք է տվել, սակայն որևէ ապացույց գործում չկա, որ այդ մարդը այդպիսի նախաձեռնություն է արել»:
Մինչդատական կալանքի օրինակները բազմաթիվ են, հավելում է իրավապաշտպանն ու պնդում, որ այսօրինակ քննադատություններ առաջին անգամ չեն հնչեցվում Հայաստանի իշխանությունների հասցեին, սակայն սայլը տեղից շատ դանդաղ է շարժվում:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը